Ամբերդի ամրոցում գտել են Թամար թագուհու մետաղադրամը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող մասշտաբային վերականգնման և մաքրման աշխատանքների ընթացքում հնագետները բախվել են ուշագրավ և սենսացիոն գտածոների։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Ամենատպավորիչ գտածոներից մեկը մարդկային կմախք է, որը հայտնաբերվել է ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք։ Հնագետների փոխանցմամբ՝ ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում պահպանված են, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Սկզբնական անատոմիական քննությունը ցույց է տալիս, որ անձը եղել է երիտասարդ (դա ենթադրվում է անվնաս ատամնաշարից), իսկ ոտքի ոսկորների համեմատությամբ՝ նա իր ժամանակաշրջանի համար ունեցել է բավականին բարձր հասակ՝ մոտ 1.80 մետր, ինչը միջնադարի չափանիշներով համարվում էր բացառիկ երևույթ։

Միջնադարյան ժամանցն ու Վրաց թագավորության հետ կապերը

Բացի մարդկային կմախքից, տարածքի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան կենցաղի և ժամանցի վկայություններ։ Մասնավորապես՝ հնագետները հանդիպել են միջնադարում մեծ տարածում ունեցող «տամա» խաղի (ժամանակակից շաշկիի նախատիպը) քարերի մասունքների։

Ամենաթանկարժեք և պատմագիտական մեծ արժեք ներկայացնող գտածոն, թերևս, Վրաստանի հզորագույն միապետի՝ Թամար թագուհու (1184-1213 թթ.) ժամանակաշրջանի բացառիկ մետաղադրամն է։

Այս դրամի հայտնաբերումը պատահական չէ և ևս մեկ անգամ հաստատում է Ամբերդի պատմական դերը Զաքարյանների դարաշրջանում, երբ ամրոցն ազատագրվեց սելջուկներից և անցավ Զաքարյանների, ապա Պահլավունի ու Վաչուտյան իշխանների հսկողության տակ, որոնք սերտ ռազմաքաղաքական ու մշակութային կապեր ունեին վրաց արքունիքի հետ։

Ամբերդում մաքրման, վերականգնման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ խոստանալով նոր ու էլ ավելի հետաքրքիր էջեր բացել հայկական միջնադարյան բերդաշինության և կենցաղի պատմությունից։

Leave a comment