Ինչ փոփոխություններ են կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման աջակցության պետական ծրագրում կատարվել են առանցքային փոփոխություններ։ Ծրագրի մեկնարկից ի վեր հստակեցված նոր կարգավորումներն ուղղված են գործնականում ի հայտ եկած խոչընդոտների վերացմանն ու քաղաքացիների համար գործընթացն առավել ճկուն դարձնելուն։

1. Ամուսնալուծված անձանց և անչափահաս երեխաների հարցի կարգավորումը

Առաջին և ամենասուր հարցերից մեկը բարձրացրել էին ամուսնալուծված անձինք։ Պրակտիկայում արձանագրվել էին դեպքեր, երբ անչափահաս երեխաները փաստացի գտնվել են ծնողներից մեկի խնամքին, սակայն աջակցության ծրագրին առաջինը դիմել է մյուս ծնողը: Սա լուրջ խնդիր էր առաջացնում. քանի դեռ երեխան իր հավաստագիր ստանալու իրավունքը չէր իրացրել առաջին դիմողի հետ, մյուս ծնողը զրկված էր համակարգով դիմելու հնարավորությունից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ խնդրին տրվել է հստակ իրավական լուծում.

«Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում, այսինքն՝ երեխան որպես ընտանիքի պարտադիր անդամ համարվում է այն ընտանիքում, ում վճռել է դատարանը։ Եթե չունենք դատարանի վճիռ, իրավունքն ավտոմատ վերագրվում է մայր ծնողին»։

2. Մինչև 6 տարեկան երեխաների տվյալների պարզեցված ներառում

Հաջորդ խնդիրը վերաբերում էր մինչև 6 տարեկան երեխաներին, ինչի պատճառով բազմաթիվ դիմումներ նախկինում մերժվում էին։ Տարբեր պատճառներով փոքրիկների տվյալները պարզապես բացակայում էին տեղահանվածների միասնական շտեմարանից։

Այսուհետ, եթե ընտանիքն ունի երեխա, ում 6 տարին լրացած չի եղել տեղահանության օրվա դրությամբ, և ընտանիքի մյուս անդամների տվյալներում ամեն ինչ նորմալ է, երեխան ավտոմատ կհամարվի շահառու, և դիմումը այլևս չի մերժվի։

3. Ճկունություն հավաստագրերի միավորման գործընթացում

Հաջորդ փոփոխությամբ պետությունը ճկունություն է հաղորդել հավաստագրերի միավորման գործընթացին՝ այն ընտանիքների համար, որոնց անդամներից մեկը կամ երկուսը քաղաքացիություն ստանալու փուլում ունեն որոշակի իրավական կամ փաստաթղթային խնդիրներ։

Որպեսզի ընտանիքի մյուս անդամները չտուժեն, հնարավորություն է տրվում, որ ընտանիքի մի մասը (խոսքը պարտադիր կազմի մասին չէ) դիմի, ստանա հավաստագիրը և իրացնի այն։ Այնուհետև, երբ խնդիրներ ունեցող անդամը քաղաքացիություն ստանալուց հետո դիմի, կստանա հավաստագրով իրեն հասանելիք գումարը։ Այդ գումարը կդիտարկվի որպես դրական մնացորդ և կուղղվի համապատասխան ուղղություններով.

  • Վերանորոգման վարկի ստացում,

  • Կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում,

  • Գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում։

4. Աջակցության չափի բարձրացում և կրկնակի դիմելու իրավունք

Լրամշակված նախագծի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է երևանամերձ համայնքներում տուն գնած այն ընտանիքներին, որոնց համար մեկ անձի հաշվարկով տրամադրվող աջակցության չափը 3 միլիոնից բարձրացվել է 4 միլիոն դրամի։

Սրա արդյունքում ձևավորվել է դրական ֆինանսական մնացորդ: Նախկինում գործող կարգով՝ այդ մնացորդը վերանորոգման վարկի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար թույլատրվում էր օգտագործել միայն մեկ անգամ, ինչը սահմանափակում էր քաղաքացիների հնարավորությունները։ Այժմ բնակիչներին տրվել է երկրորդ անգամ դիմելու հնարավորություն։

«Այն ընտանիքները, որոնք դրական մնացորդն իրացրել էին, բայց ոչ ամբողջ սահմանաչափով (օրինակ` մինչև 4 միլիոն դրամ կարող էին ուղղել վերանորոգման վարկին, բայց իրենք 1 միլիոն դրամ էին ուղղել), և երբ աջակցությունը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն դրամ, ու գոյացել է նոր դրական մնացորդ, նախկինում հնարավորություն չունեին կրկին դիմելու վերանորոգման համար, քանի որ ծրագրից մեկ անգամ արդեն օգտվել էին։ Այժմ նրանք հնարավորություն ունեն երկրորդ անգամ դիմելու վերանորոգման վարկի համար»,- պարզաբանում է Գայանե Ղարագյոզյանը։

Վերանորոգման սահմանաչափերը մնում են նույնը.

  • 4 միլիոն դրամ՝ ընտանիքի հաշվով,

  • Ընտանիքի յուրաքանչյուր 6-րդ և հաջորդ անդամի հաշվով ավելացվում է 800 000 դրամ,

  • Առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել 8 միլիոն դրամը՝ 1 ընտանիքի հաշվով։

5. Ֆինանսական մնացորդի ուղղումը կապիտալ շինարարությանը

Դրական մնացորդի իրացման վերաբերյալ ևս մեկ էական փոփոխություն է իրականացվել։ Եթե ընտանիքը ձեռք է բերել սեփական տուն, որն ունի բնակության համար լավ պայմաններ և վերանորոգման կարիք չունի, ապա ֆինանսական մնացորդն այսուհետ կարելի է ուղղել կապիտալ շինարարությանը։

Նախկինում բանկերի վերանորոգման վարկային պորտֆելները չէին թույլատրում այդ միջոցներով, օրինակ, առանձնատան երկրորդ հարկ կառուցել կամ տնամերձ հողամասում նոր օժանդակ շինություն հիմնել։ Այժմ, վերանորոգման վարկի շրջանակներում, տեղահանված ընտանիքներն ունեն նաև այդ իրավունքը։

Leave a comment