Ներկայացնում ենք կաթոլիկ The Pillar պարբերականում հրապարակված Armenians ‘disappointed’ and ‘frustrated’ with Vatican over Azerbaijan ties հոդվածի հայերեն թարգմանությունը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը «հիասթափված» եւ «վրդովված» են Կաթոլիկ եկեղեցուց՝ Ադրբեջանի հետ նրա կապերի, ինչպես նաեւ Վատիկանում հարյուրավոր միլիոնավոր դոլարների վերականգնման ծրագրեր ֆինանսավորող հիմնադրամի գործունեության պատճառով, The Pillar-ին հայտնել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան եւ նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանին հաջողվել է այնպես անել, որ Վատիկանը հանդես չգա մեր իրավունքների, հատկապես՝ մեր մշակութային ժառանգության պաշտպանության օգտին», – ասել է Բեգլարյանը։
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Կաթոլիկ եկեղեցուն, սակայն հիասթափված ենք նրա լռությունից՝ մշակութային ժառանգության եւ քրիստոնյա ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, քանի որ մենք ենթարկվել ենք էթնիկ զտման նաեւ այն պատճառով, որ քրիստոնյա ենք», – ասել է նա The Pillar-ին։
«Ադրբեջանը շահարկել է իսլամական աշխարհի համերաշխությունը՝ նույնիսկ օգտագործել «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման անդամների, ինչպես նաեւ Սիրիայից եւ Լիբիայից ներգրավված վարձկանների 2020 թվականին՝ մեր դեմ պատերազմելու համար», – նշել է Բեգլարյանը։
«Սակայն մենք որեւէ շոշափելի աջակցություն չտեսանք քրիստոնեական աշխարհից, մինչդեռ այն առաջին հերթին պետք է գար Կաթոլիկ եկեղեցուց, որը քրիստոնեական աշխարհի ամենամեծ եւ ամենաազդեցիկ հաստատությունն է։ Այդ պատճառով էլ մենք խոր հիասթափություն եւ վրդովմունք ենք զգում Կաթոլիկ եկեղեցու պասիվ դիրքորոշման կապակցությամբ», – ասել է նա։
Արտակ Բեգլարյանի ղեկավարած կազմակերպությունը մշտադիտարկում է հայկական ժառանգության օբյեկտների, այդ թվում՝ քրիստոնեական հուշարձանների վիճակը, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Լեռնային Ղարաբաղում ունենք ավելի քան 6,000 հուշարձան՝ հիմնականում կենտրոնացած շուրջ 4,400 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սա աշխարհում եւ Եվրոպայում քրիստոնեական ժառանգության ամենախիտ եւ ամենահարուստ կենտրոններից մեկն է, որտեղ կան եկեղեցիներ, որոնց պատմությունը հասնում է մինչեւ IV դար», – ասել է նա։
Կարեւորագույն հուշարձաններից է XIII դարի Գանձասարի վանական համալիրը, որտեղ, ըստ ավանդության, պահվում է Հովհաննես Մկրտիչի գլուխը։
Իրավապաշտպանների խոսքով՝ այս ժառանգությունը վտանգված է՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի հայկական ինքնությունը վերացնելու փորձերի պատճառով։ Արբանյակային պատկերները փաստում են առնվազն երկու խոշոր հայկական եկեղեցիների քանդումը, իսկ Բեգլարյանի պնդմամբ՝ կան բազմաթիվ այլ ապացույցներ վանդալիզմի եւ ավերման դեպքերի վերաբերյալ, այդ թվում՝ հայկական գերեզմանոցների։
Ադրբեջանը նաեւ մեղադրվում է հայկական մշակութային ինքնությունը ջնջելու փորձերի մեջ՝ հայկական եկեղեցիները ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական», այլ ոչ թե հայկական։ Նման դեպքերից մեկը տեղի ունեցավ Ադրբեջանում քրիստոնեական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի ընթացքում, որը կազմակերպվել էր Հռոմում՝ Պապական Գրիգորյան համալսարանում։
Ցուցահանդեսի բանախոսները հայերին ներկայացրել են որպես Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած «ագրեսիվ վերաբնակիչներ», ովքեր ձեւափոխել են կովկասյան ալբանական եկեղեցիները՝ դրանք հայկական ներկայացնելու նպատակով։ Այս միջադեպը քննադատության ալիք է բարձրացրել Վատիկանի հասցեին, որը նաեւ մեղադրվում է Ադրբեջանին այսպես կոչված «խավիարային դիվանագիտություն» վարելու հնարավորություն տալու մեջ։
Այդ մեղադրանքների հիմքում, մասնավորապես, այն հանգամանքն է, որ Վատիկանը թույլ է տվել ադրբեջանական հիմնադրամին ֆինանսավորել Վատիկանի մշակութային ժառանգության վերականգնման ծրագրերը՝ հարյուրավոր միլիոնավոր դոլարների չափով։
Այս վերականգնման ծրագրերը ֆինանսավորվում են Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից, որը ղեկավարում է Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիեւան։
Մի հայ գիտնական, որը ցանկացել է մնալ անանուն, The Pillar-ին հայտնել է, որ Վատիկանի՝ 2020 թվականին Մեհրիբան Ալիեւային Պիոս IX պապի շքանշանի «Dame Grand Cross» բարձրագույն աստիճանը շնորհելու որոշումը «լայն քննադատության է արժանացել հայկական շրջանակներում»։
«Քննադատները դա ընկալել են որպես քաղաքական եւ դիվանագիտական շահերը մշակութային արժեքներից եւ քրիստոնեական համերաշխությունից վեր դասելու դրսեւորում», – ասել է նա։
«Մյուս կողմից, Վատիկանը պաշտոնապես ներկայացրել է այդ պարգեւատրումը որպես մշակութային եւ միջկրոնական համագործակցության գնահատանքի արտահայտություն, այլ ոչ թե քաղաքական քայլ։ Սակայն հայերի զգալի մասի համար այդ համագործակցությունը բարոյական հակասություններ է առաջացնում, հատկապես՝ Արցախի հայկական եկեղեցիների եւ մշակութային հուշարձանների վիճակի վերաբերյալ առկա մտահոգությունների համատեքստում», – հավելել է նա։
«Օբյեկտիվորեն պետք է նշել, որ Վատիկանի դիվանագիտությունը պատմականորեն եղել է շատ զգուշավոր եւ հավասարակշռված հակամարտությունների կառավարման հարցում։ Այն հաճախ խուսափում է կոշտ հրապարակային հայտարարություններից՝ ձգտելով պահպանել տարբեր պետությունների հետ երկխոսության եւ միջնորդության հնարավորությունները», – շարունակել է նա։
Կուրիայի մի կարդինալ, որը խոսել է The Pillar-ի հետ անանունության պայմանով, ասել է.
«Սուրբ Աթոռի փիլիսոփայությունն է բոլորի հետ երկխոսության ուղիները բաց պահելը»։
«Եվ դրա արդյունքում որոշ դրական բաներ կարող են լինել», – հավելել է նա՝ նշելով, որ Սուրբ Աթոռը հարաբերություններ է պահպանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։
«Եվ, երբ վստահությունը աճի, կարող են ի հայտ գալ հնարավորություններ, որպեսզի Եկեղեցին դրական դեր խաղա արդեն գոյություն ունեցող կամ ապագայում առաջացող խնդիրներում»։
Կարդինալը նշել է, որ Հռոմի պապ Լեւոն XIV-ը վերջերս ընդունել է Նորին Սրբություն Արամ Ա-ին՝ Կիլիկիայի Մեծի Տան Կաթողիկոսին։ Կիլիկիո Կաթողիկոսարանի բարձրաստիճան հոգեւորականը, որը խոսել է The Pillar-ի հետ անանունության պայմանով, հրաժարվել է հաստատել, թե արդյոք Արամ Ա-ն եւ Հռոմի պապը քննարկել են Վատիկանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը, սակայն նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին մեծ հարգանքով է վերաբերվում Սուրբ Աթոռին եւ չի ցանկանում, որ նման հարցերը վտանգեն հաստատված լավ էկումենիկ հարաբերությունները։
Մինչդեռ Վատիկանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, կարծես, խորանում են։ Միջկրոնական երկխոսության դիկաստերիայի պրեֆեկտ, կարդինալ Ջորջ Քուվակադը վերջերս այցելել է Բաքու եւ հանդիպել նախագահի հետ, որն էլ Հռոմի պապին հրավիրել է այցելել Ադրբեջան։ Ադրբեջանական մամուլը լայն անդրադարձ է կատարել կարդինալի այցին՝ նշելով, որ նա նաեւ շրջայց է կատարել երկու պատմական կովկասյան ալբանական եկեղեցիներում։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: