Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի. Օրբելյան

Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի: Այս մասին ՍԴ-ում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը այն բանից հետո, երբ ՍԴ դատավորներից Սեդա Սաֆարյանը իր հարցադրման մեջ նույնացրեց 3 քաղաքական ուժերին:

«Խնդրում եմ այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի՝ քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաև բացակայող 2 դատավորներից որևէ մեկին, քննարկեն տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը»,- նշել է Օրբելյանը:

Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հավելեց որ Սեդա Սաֆարյանը հարցի անվան տակ կատարում է հստակ քաղաքական պնդումներ:

Նշենք, որ ՍԴ-ում քննարկման ժամանակ Սեդա Սաֆարյանը հարցադրում կատարեց՝ դիմելով 3 ընդդիմադիր ուժերին, խնդրեց նրանց պարզաբանել, թե ընտրություններից առաջ ՌԴ նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում 3 ուժերի և չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարո՞ղ էին ունենալ ընտրությունների արդյունքների և ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա:

Շեշտեց՝ եթե կարող էին, ապա ինչու՞ է այդ գործոնը դուրս մնացել ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումի փաստարկներից։

Leave a comment