Կառավարությունը մտադիր է սուբսիդավորել վարկերի տոկոսադրույքները
Կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։
Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Էկոնոմիկայի նախարարությունը նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորել է Ռուսաստանի Դաշնության եւ Ռոսսելխոզնադզորի կողմից բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումներով։
Արդյունքում՝ ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների, ծաղիկների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները կրում են ֆինանսական կորուստներ։ Ըստ հիմնավորման՝ չնայած այլ երկրների շուկաներ արտահանման հնարավորությունների ստեղծման նպատակով ձեռնարկվող քայլերին, այնուամենայնիվ, ներկայումս հնարավոր չի լինում ապահովել արտադրված ամբողջ արտադրանքի իրացումը ակնկալվող գների սահմաններում։ Հաշվի առնելով, որ ջերմատներում մշակաբույսերի մշակության ցիկլը հնարավոր չէ դադարեցնել, ուստի արտադրության շարունակակունությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ են հասանելի ֆինանսական ռեսուրսներ։
Աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով:
Սուբսիդավորվելու են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սպասարկման վճարների, պետական կամ համայնքի բյուջե հարկերի եւ պարտադիր վճարումների, շահառուի աշխատակիցներին աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ կատարելու համար։
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուին վարկը տրամադրվում է 18 ամիս ժամկետով՝ վարկի մայր գումարի եւ տոկոսադրույքի 12 ամիս արտոնյալ ժամկետով։ Իսկ վարկի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ տարի վճարված հարկերի հանրագումարը, գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարների հանրագումարների եւ աշխատակիցներին վճարված աշխատավարձերի ընդհանուր ծախսերի կեսը, բայց ոչ ավելի քան 100 մլն դրամը։