Հորմուզի նեղուցով նավերի անցումը կրճատվել է գրեթե 5 անգամ

Անցած հանգստյան օրերին աշխարհի կարևորագույն էներգետիկ միջանցքներից մեկում՝ Հորմուզի նեղուցում, առևտրային նավագնացությունը կտրուկ անկում է գրանցել։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական էսկալացիայի ֆոնին, փոխադրողների մտավախությունների պատճառով, առևտրային նավերը սկսել են խուսափել այս երթուղուց։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ծովային փոխադրումներին հետևող ծառայությունների տվյալներին:

Ըստ այդ տվյալների՝ կիրակի օրը նեղուցը երկու ուղղություններով հատել է ընդամենը 12 նավ։ Սա ավելի քան երկու անգամ քիչ է, քան շաբաթ օրը (28 նավ), երբ տեղի ունեցավ լցանավերից մեկի վրա հարձակումը։ Համեմատության համար նշենք, որ հունիսի 24-ին՝ վերջին էսկալացիայից առաջ, նեղուցով անցել էր ռեկորդային՝ 58 նավ, ինչը առավելագույն ցուցանիշն էր փետրվարի վերջից, երբ սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունը Իրանի դեմ։

Նավատերերի տագնապն ու ԱՄՆ նոր հարվածները

Գործակալության տվյալներով՝ նավատերերի շրջանում խառը և տագնապալի տրամադրություններ են տիրում։ Ծովային միջանցք ուղղվող որոշ նավեր պարզապես չեն համարձակվել փորձել անցնել դրանով և փոխել են ընթացքը, իսկ մի շարք խոշոր նավատերեր հայտնել են, որ առժամանակ ընդհանրապես դադարեցրել են նեղուցով փոխադրումների պլանները։

Ճգնաժամի խորացման պատճառ է դարձել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով նոր օդային հարվածներ են հասցվել Իրանի տարածքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների։ ԱՄՆ-ն պնդում է, որ դա եղել է ի պատասխան հունիսի 25-ին առևտրային նավի վրա Իրանի կողմից իրականացված ենթադրյալ հարձակման։

CENTCOM-ի փոխանցմամբ՝ հունիսի 27-ին տեղի է ունեցել երկրորդ միջադեպը. կամիկաձե-անօդաչու թռչող սարքը խոցել է Պանամայի դրոշի ներքո լողացող M/T Kiku լցանավը։

Դոհայի հրատապ խորհրդակցությունները

Չնայած ռազմական սուր ֆոնին, կողմերը գիտակցում են համաշխարհային տնտեսության համար հնարավոր աղետալի հետևանքները։ Ինչպես հայտնում է Axios պորտալի հայտնի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հարձակումների հաջորդ օրը ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Արդեն վաղը՝ հունիսի 30-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում նախատեսվում են անցկացնել հրատապ դիվանագիտական խորհրդակցություններ՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա տարաձայնությունները կարգավորելու և նավագնացության անվտանգությունը վերականգնելու նպատակով։

Leave a comment