Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը վերջերս անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարական ընթացքին՝ այն որակելով ճկունության և ոգեշնչման աղբյուր։

Գերմանացի դիվանագետի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների վերջին ընտրությունը վերահաստատել է երկրի եվրոպամետ կառավարության նկատմամբ վստահությունը՝ որպես Ռուսաստանի ազդեցությանն ու ճնշումներին հակազդելու միջոց։

Վադեֆուլն ընդգծել է, որ հայ ընտրողների այս դիրքորոշումը վկայում է Եվրոպայի հետ կապերը խորացնելու հստակ ձգտման մասին։

«Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը»,- գրել է Գերմանիայի ԱԳ նախարարը «Ինստագրամի» իր էջում։

Նախարարը նաև հավելել է, որ չնայած ռուսական քարոզչությանը, որի նպատակն է պառակտել հասարակություններն ու խաթարել ժողովրդավարական ինստիտուտները, Հայաստանն ու մի շարք այլ երկրներ ցույց են տալիս սեփական ինքնիշխան ուղին ընտրելու վճռականություն։

Leave a comment