«Հոգիների՛ հովիվներ, քաղաքացիական դատարանն ի՞նչ կապ ունի ձեր հովվության հետ». Լիլիթ Բլեյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք իրավիճակ, երբ տղան հարձակվել է մոր վրա, անպատվել, ասել ամենաչասվելիք բաները, ֆիզիկապես վնասել, արնոտել, խլել նրա ունեցվածքը, և այդպես շարունակ։
     Մայրը նրան տնից դուրս է արել ու ասել, որ այլևս չի ընդունում նրան որպես իր որդի։
     Եվ էս որդին «գտնում է լուծումը». գնում է դատարան, ասում է` մայրս ինձ չի ընդունում որպես իր զավակ, դատարան ջան, պարտավորեցրո՛ւ մորս, որ նորից ինձ իր որդի անվանի և հետ ընդունի տուն։
     Ոչ թե գնում է մոր մոտ ու ներողություն խնդրում` գլխահակ, արցունքներով, ոչ թե փակվում է քարանձավում ու ցավից մեռնում` էս ամբողջ կատարվածից, իր արածի գիտակցումից, կարոտից, այլ գնում է դատարան։
     Էս պատմությունը պատկերացրի, երբ տեսա, որ կարգալույծ քահանաները դատարանից պահանջում են իրենց մորը` Մայր Աթոռին պարտավորեցնել իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
     Հոգևոր։
     Հոգիների հովիվներ, քաղաքացիական դատարանն ի՞նչ կապ ունի ձեր հովվության հետ։ Քաղաքացիական դատարանն ի՞նչ գործ ունի ձեր հոգիների հետ։ Քաղաքացի՛ հովիվներ»:

Leave a comment