ՍԴ նիստը՝ ուղիղ միացմամբ | armlife.am

ՀՀ սահմանադրական դատարանը շարունակում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժերի ներկայացրած հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել առանձին-առանձին 7 քաղաքական ուժեր, սակայն դատարանը որոշել էր դրանք միավորել և քննել մեկ վարույթով։ Հայցի քննության երկրորդ օրը «Նոր ուժ» կուսակցությունը հայտարարել է գործընթացին իր մասնակցությունը դադարեցնելու մասին։

Գործով որպես պատասխանող կողմ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, ՆԳՆ-ն ու Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ որպես երրորդ կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Դատարանն անցած երեք աշխատանքային օրերի ընթացքում լսել է կողմերի ներածական ելույթներն ու հարցուպատասխանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի որոշմամբ՝ հաշվի առնելով, որ օրենսդրության համաձայն որոշումը պետք է կայացվի մինչև հուլիսի 4-ը, սահմանվել է արտասովոր աշխատանքային գրաֆիկ. նիստերն անցկացվում են նաև հանգստյան օրերին և աշխատանքային ժամի ավարտից հետո։

Այսօր ՍԴ դատավորներն իրենց հարցերն են ուղղելու կողմերին։

 

Leave a comment