«Ծայրահեղ շոգն ի հայտ է գալիս որպես կառուցվածքային տնտեսական ռիսկ, ընդ որում՝ Եվրոպան խիստ խոցելի դիրքում է», – նշում են եվրոպական խոշորագույն Allianz ապահովագրական ընկերության առևտրային վարկավորման ստորաբաժանման վերլուծաբանները, մինչ մայրցամաքը «այրվում է» այս տարվա արդեն երկրորդ ջերմային ալիքի ներքո։
Փորձագետների դիտարկմամբ՝ Եվրոպան ունի մի շարք թույլ կողմեր՝ բնակչության ծերացումը, խիտ բնակեցված քաղաքային կենտրոնները, որտեղ բազմաթիվ շենքեր կառուցված չեն ծայրահեղ շոգերին դիմակայելու համար, և այն փաստը, որ տնային տնտեսությունների միայն 19%-ն է ապահովված օդորակիչներով (համեմատության համար՝ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 90%)։
Քանի որ Եվրոպան տաքանում է աշխարհի մյուս տարածաշրջաններից ավելի արագ, ջերմային ալիքները դառնում են պարբերական, և շատ գիտնականներ կարծում են, որ հենց մարդկային գործունեությունն է պատճառ դառնալու էլ ավելի ծայրահեղ եղանակային երևույթների:
«Ֆրանսիան աշխատում է դանդաղեցված ռեժիմով», – վերջերս նկատել է Ֆրանսիայի գործատուների գլխավոր միավորման (Medef) ղեկավար Պատրիկ Մարտենը։
«Սա անխուսափելիորեն խաթարում է աշխատանքային ընթացքը և հանգեցնում արտադրողականության անկման», — հայտարարել է նա BFM հեռուստաընկերության եթերում։
Allianz Trade-ը սահմանել է «կրիտիկական շեմ»՝ մոտ 30°C, որը գերազանցելուց հետո արտադրողականության կորուստները կտրուկ արագանում են։
Ըստ AFP գործակալության հաշվարկների՝ հինգշաբթի օրը Եվրոպայում ավելի քան 100 միլիոն մարդ ստիպված է եղել զգալ 35°C-ը գերազանցող տապ, իսկ եվրոպացիների գրեթե երկու երրորդն ապրում է այնպիսի վայրերում, որտեղ ջերմաստիճանը հատել է 30°C-ի սահմանը։
Միջնաժամկետ ազդեցությունը
Անցյալ տարի հրապարակված բլոգային հոդվածում Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նշել էր, որ գարնանը, աշնանն ու ձմռանը գրանցվող ջերմային ալիքները կարող են նույնիսկ խթանել տնտեսական ակտիվությունը, հատկապես շինարարության, գյուղատնտեսության և բացօթյա սննդի սպասարկման ոլորտներում։
«Ընդհակառակը, առանց այդ էլ տաք ամառային ամիսներին հաջորդող ջերմային ալիքները կրճատում են տնտեսական ակտիվությունը, քանի որ բացօթյա ֆիզիկական աշխատանքը դառնում է գրեթե անհնարին»,- հայտնել են բանկից:
Արտադրողականության անկումը, ներդրումները դեպի կլիմայական հարմարվողականություն վերաուղղելու անհրաժեշտությունը և էներգակիրների գների թանկացումը, որոնք հարվածում են բնակչության գնողունակությանը, ընդհանուր առմամբ հանգեցնում են տնտեսական ակտիվության անկման։
ԵԿԲ հետազոտությունը ցույց է տվել, որ ամառային ջերմային ալիքները նվազեցնում են տարածաշրջանային տնտեսական ակտիվությունը շուրջ 1%-ով։ Ընդ որում, ի տարբերություն ավանդական այն տեսակետի, թե սա ժամանակավոր խաթարում է, ԵԿԲ-ն պարզել է, որ «արտադրանքի ծավալների կրճատումը երկարատև է և նույնիսկ խորանում է՝ երկու տարի անց հասնելով նվազագույն կետին՝ -1.5%»:
Ֆրանսիայի բանկի (Banque de France) նորանշանակ կառավարիչ Էմանուել Մուլենը վերջերս France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է. «Միջնաժամկետ կտրվածքով սա հստակ բացասական ազդեցություն ունի տնտեսական աճի վրա»։
Պարենային անվտանգության մտահոգությունները
Ծայրահեղ շոգը, որը օդորակիչների բարձր պահանջարկի պատճառով կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների թանկացման, միջնաժամկետ հեռանկարում նպաստում է նաև սննդամթերքի գների աճին ու ինֆլյացիային, քանի որ կրճատում է բերքատվությունը և խաթարում մատակարարման շղթաները։
ԵԿԲ հաշվարկներով՝ 2022 թվականի երաշտը եվրոպական սննդամթերքի գների 0.7 տոկոսային կետով աճի պատճառ է դարձել։ Հատկապես տուժել էին ձիթապտղի ցանքատարածությունները, ինչի հետևանքով ձիթապտղի ձեթի գինը կտրուկ ցատկ էր գրանցել։
Կենտրոնական բանկը մտահոգված է, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված սննդամթերքի գների աճը կարող է էլ ավելի խորանալ՝ բարդացնելով գնաճի կանխատեսման մեխանիզմները։
«Առանց արագ փոփոխությունների, որոնք կապահովեն կլիմայական հարմարվողականություն և ածխածնային չեզոքություն, այս երևույթները ռիսկ ունեն վերածվելու տնտեսության երկարաժամկետ կառուցվածքային բեռի (drag)», — նշել է Allianz-ի կլիմայի և կայուն զարգացման գծով տնտեսագետ Հազեմ Կրիշենը՝ կոչ անելով եվրոպական մակարդակով ավելի լավ համակարգում ապահովել՝ կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու համար։
Սթրես-սցենար. Միլիարդավոր դոլարների կորուստներ
Allianz Trade-ը մշակել է սթրես-սցենար, ըստ որի՝ եթե 2014-2024 թվականների ընթացքում յուրաքանչյուր երկրում գրանցված 5 ամենաշոգ տարիները կրկնվեն մինչև 2030 թվականը, ապա դա կհանգեցնի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կուտակային կորուստների՝ 5%-ից մինչև 7%-ի սահմաններում։
Դա ահռելի ֆինանսական հարված կլինի առաջատար տնտեսությունների համար.
-
Ֆրանսիա՝ $240 միլիարդի կորուստ
-
Իտալիա՝ $147 միլիարդի կորուստ
-
Գերմանիա՝ $131 միլիարդի կորուստ
-
Իսպանիա՝ $120 միլիարդի կորուստ
Լուրջ հարված կհասցվի նաև հարկային եկամուտներին. օրինակ՝ Ֆրանսիայում կանխատեսվում է հարկային մուտքերի 1.8% անկում հենց այն ժամանակահատվածում, երբ ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտի ծախսերը պահանջում են կտրուկ ավելացում:
Սա էլ ավելի կխորացնի եվրոպական շատ երկրների առանց այդ էլ բարդ վիճակը՝ կապված բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի հետ՝ էականորեն սահմանափակելով նոր փոխառություններ ներգրավելու նրանց հնարավորությունները։