Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի վերաբացման գործընթացին

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բնականոն գործունեության վերականգնման գործընթացը գտնվում է բացառապես Թեհրանի պատասխանատվության ներքո և ԱՄՆ-ին ու մյուս կողմերին կոչ է արել չմիջամտել այդ գործընթացին։

Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի դրույթների համաձայն՝ Հորմուզի նեղուցը կվերադառնա նախապատերազմյան գործունեության ռեժիմին այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերացնի առկա խոչընդոտները։ Նշվում է, որ այդ գործընթացը պետք է ավարտվի 30 օրվա ընթացքում։

Թեհրանը պնդում է, որ նեղուցի կառավարման և վերաբացման հետ կապված բոլոր միջոցառումներն իրականացվում են Իրանի կողմից, և որևէ այլ պետություն կամ կառույց պատասխանատվություն չի կրում դրանց համար։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ցանկացած արտաքին միջամտություն կամ Իրանի կողմից արդեն իրականացվող քայլերից տարբերվող նախաձեռնություններ կարող են հանգեցնել իրավիճակի սրման, Հորմուզի նեղուցի վերաբացման ուշացման և տարածաշրջանային լարվածության աճի։

Իրանական կողմը հավելել է, որ վերջին երկու գիշերների ընթացքում նեղուցում տեղի ունեցած միջադեպերը նպաստել են լարվածության և բախումների խորացմանը։

Թեհրանը կոչ է արել բոլոր կողմերին հարգել ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթները և զերծ մնալ Հորմուզի նեղուցի կառավարման գործընթացին միջամտելուց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment