Գործակալությունից հայտնել են, թե այս հանգամանքների պարզումն առաջին հերթին ենթադրում է տեսահսկման համակարգի վերահսկման համար պատասխանատու մարմնում ներքին ծառայողական քննություն, որը համաձայն ՀՀ օրենսդրության` պատկանում է տվյալ պաշտոնատար անձի վերադասին կամ այն պետական մարմնին, որտեղ վերջինս գտնվում է ծառայության մեջ։
«Գործակալությունն օժտված չէ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու կամ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ։ Իսկ եթե առկա են որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման կամ օրենքով արգելված այլ արարքի կատարման վերաբերյալ կասկածներ, ապա շահագրգիռ անձինք իրավասու են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում հանցագործության մասին»,– հայտնում են գործակալությունից։
Միաժամանակ կառույցից նշել են, որ յուրաքանչյուր դեպք ենթակա է գնահատման՝ դրա կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Այդ համատեքստում կարող են նշանակություն ունենալ, մասնավորապես, տեսանյութում անձի ճանաչելիության աստիճանը, հանրային վայրում գտնվելու հանգամանքը, տվյալների մշակման նպատակը և իրավական հիմքը, ինչպես նաև տեսանյութի հնարավոր փոխանցման, հրապարակման կամ այլ եղանակով մատչելի դարձնելու հանգամանքները։
«Գործակալությունը, իր լիազորությունների շրջանակում, հետևում է խնդրին և անհրաժեշտ փաստական ու իրավական հիմքերի, ինչպես նաև տվյալների սուբյեկտի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի առկայության դեպքում կարող է ձեռնարկել իր լիազորության սահմաններում անհրաժեշտ գործողություններ»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ծառայողական քննություն չի նշանակվել Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի գործով։
«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասել էր Փաշինյանը։
Նշենք, որ գործակալությանը խնդրել էինք գնահատական տալ նաև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։ Սակայն նրանք խուսափել են պատասխանել այդ հարցին։