Կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստը

Կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստը

 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ մարզչական շտաբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ազգային հավաքականների ընթացիկ աշխատանքները, առաջիկա միջազգային մրցաշարերի նախապատրաստական փուլերը և մարզաձևի զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական նախաձեռնություններ։

Նիստի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նախագահին ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այնուհետև ազգային հավաքականների գլխավոր և ավագ մարզիչները զեկուցեցին մեծահասակների Եվրոպայի առաջնության, երիտասարդների աշխարհի առաջնության և մյուս հավաքականների նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։ Առանձին անդրադարձ կատարվեց պատանիների աշխարհի առաջնությանը, որին Հայաստանի պատանեկան հավաքականը կմեկնի հուլիսի 4-ին։

Քննարկվեց նաև պատանի և դեռահաս աղջիկների ու տղաների հավաքականներում մարզիկների ներգրավվածության աճը և մարզչական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ Մարզչական շտաբը սկզբունքային որոշում կայացրեց մշակել ծանրամարտի մարզիչների վերապատրաստման և որակավորման միասնական համակարգ, որի նպատակն է ապահովել անձնական մարզիչների մասնագիտական շարունակական զարգացումը և որակավորման միասնական չափանիշների ներդրումը։ Նախագծված համակարգը նախատեսվում է ներկայացնել հաստատման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի Ծանրամարտի ամբիոն։ Քննարկվեցին նաև մարզաձևի զարգացման հաջորդ փուլին վերաբերող ծրագրերը։

Որոշվեց 2026 թվականի օգոստոսի 1-ից ներդնել նոր չափորոշիչներ «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման համար։

Միաժամանակ որոշում ընդունվեց վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը՝ այն համապատասխանեցնելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգին, որով 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու տղամարդկանց և կանանց 8-ական նոր քաշային կարգերը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ ուղղված ազգային հավաքականների մրցունակության բարձրացմանը, մարզչական ներուժի զարգացմանը և հայկական ծանրամարտի կայուն առաջընթացին։

Leave a comment