Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա դպրոցից

Մեսրոպ Հովհաննիսյանը գրում է.

Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա դպրոցից

«Հանուն պետականաշինության» ՀԿ-ն նախաձեռնում է «Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա դպրոցից» քաղաքային սոցիալական-կրթական ծրագիրը։

Մեր նպատակն է Երևանում տեսանելի դարձնել դպրոցական տարիքի այն երեխաներին, որոնք չեն հաճախում դպրոց, երկարատև բացակայում են կամ կանգնած են կրթությունից դուրս մնալու վտանգի առաջ։

Նախաձեռնությունը նախատեսվում է սկսել 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում՝ հնարավորինս պատկան մարմինների հետ համագործակցությամբ։ Նպատակն է բացահայտել խնդիրները, հասկանալ դրանց իրական պատճառները և աջակցել անհրաժեշտ քայլերի իրականացմանը, որպեսզի երեխան չհայտնվի կրթական գործընթացից դուրս մնալու վիճակում։

Մենք պետք է պարզենք իրական պատճառները․ երեխան դպրոց չի գնում աղքատությա՞ն, ընտանեկան խնդրի՞, առողջական վիճակի՞, փաստաթղթային խոչընդոտի՞, ծնողական անուշադրությա՞ն, բացասական միջավայրի՞, թե՞ սոցիալական ծանր պայմանների պատճառով։

Երեխային պարզապես չպետք է մեղադրել, անտեսել կամ մոռանալ։ Պետք է հասկանալ պատճառը, գտնել լուծումը և օգնել նրան վերադառնալ կրթական միջավայր։

Դպրոցից դուրս մնացած երեխան միայն իր ընտանիքի խնդիրը չէ․ դա քաղաքի, հասարակության և պետության վաղվա օրվա խնդիրն է։ Եթե այսօր չնկատենք այդ երեխային, վաղը կարող ենք կորցնել ոչ միայն մեկ երեխայի ապագան, այլ նաև մի ամբողջ սերնդի մի շերտ՝ գիտելիքից, արժանապատիվ կյանքից և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։

Մեր համոզումը պարզ է․ ոչ մի երեխա չպետք է կորչի աղքատության, լռության, անուշադրության կամ անտարբերության մեջ։

Հանուն վաղվա սերնդի՝ ոչ մի երեխա չպետք է դուրս մնա դպրոցից։

Leave a comment