ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

27.06.2026 | 19:03

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը ՍԴ-ում ընթացող նիստի ժամանակ պնդեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ հաշվարկի դեպքում չի հաղթահարել օրենքով սահմանված 4%-ի անցողիկ շեմը։

Գրիգորյանն անդրադարձել է այն տեղամասերին, որոնց արդյունքներն անվավեր էին ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Նրա գնահատմամբ՝ երբ տեղամասում արձանագրվում են էական խախտումներ, այն դառնում է «սև արկղ», և այնտեղ ստացված ձայները հնարավոր չէ հավաստի համարել։

«Մասնավորապես, խոսքը 10/51 և 35/65 տեղամասերի մասին է, որտեղ ժամը 20:00-ից հետո քվեարկության սենյակ է մուտք գործել ընդհանուր 415 ընտրող։ Մինչդեռ, ըստ արձանագրությունների, ԲՀԿ-ն այդ տեղամասերում ստացել էր ընդամենը 213 ձայն», – ասաց ՔՊ-ի ներկայացուցիչը:

Ըստ Գրիգորյանի՝ չկա որևէ երաշխիք, որ եթե տեղամասերը ժամանակին փակվեին, ԲՀԿ-ն այնտեղ նույնիսկ մեկ ձայն կունենար։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն իրավացիորեն արձանագրել է, որ խախտումները, թեև ազդել են կոնկրետ տեղամասերի արդյունքների վրա, սակայն չեն փոխել ընտրությունների ընդհանուր պատկերը և ուժերի հարաբերակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a comment