Հասարակություն
27.06.2026 | 18:27
Դիմողները պարտավոր էին ապացուցել ոչ միայն այն, որ քաղաքական խոսքը եղել է սահմաններից դուրս, այլև որ այն իրական ազդեցություն է ունեցել ընտրողների քաղաքական կամքի ձևավորման վրա և իր ծավալով կարող էր ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ժամանակ ասաց ՔՊ-ի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Նման ապացույցներ, սակայն, դատարանին չեն ներկայացվել։ Քաղաքական խոսքի երբեմն կոշտ լինելը, որն իրականում եղել է սադրանքին արձագանք, չի կարող բնորոշվել որպես ատելության խոսք և հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Հաջորդ դիտարկումը դիմողների կողմից ներկայացված՝ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը և վարչական ռեսուրսների չարաշահման տարբեր դրսևորումներին։ Ենթադրյալ դիմումում, օրինակ, պնդում է պետության չեզոքության սկզբունքի խախտման և այսպես կոչված «սոցիալական կաշառքի» առկայության մասին՝ հղում կատարելով առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրմանը, կենսաթոշակների մասնակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորմանը վերաբերող կառավարության որոշումներին։
Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ սոցիալական քաղաքականությունը։ Ավելին, Սահմանադրության 56-րդ հոդվածով սոցիալական պաշտպանությունը սահմանված է որպես պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։