Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը

Քաղաքականություն

26.06.2026 | 21:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային հարցերը, այդ թվում՝ սահմանային ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկ և տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment