Մշակվում է Ուկրաինայում պատերազմի քաղաքական կարգավորման սցենար, գրել է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով Վաշինգտոնի, Կիեւի և Մոսկվայի միջև փակ խորհրդակցություններին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է,
Հիմնական կետեր՝
• ԱՄՆ-ն և Ուկրաինան մարտ ամիսը դիտարկել են որպես հնարավոր համաձայնագրի չափանիշ՝ ընդունելով, որ վերջնաժամկետը չափազանց սեղմ է և կարող է բաց թողնվել;
• Հնարավոր համաձայնագրի պարամետրերը, ինչպես սպասվում է, կներկայացվեն համազգային հանրաքվեի, որը նախատեսվում է համապատասխանեցնել ազգային ընտրությունների հետ։ Աղբյուրներն ընդգծել են, որ ռազմական դրության պայմաններում քվեարկության անցկացումը իրավական և տեխնիկապես խնդրահարույց է;
• Ամերիկացի միջնորդներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները Մայամիում և Աբու Դաբիում հանդիպումների ժամանակ պնդել են ընտրությունների և հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման վրա՝ մատնանշելով սահմանափակ «քաղաքական պատուհան», նախքան Սպիտակ տունը իր ուշադրությունը կկենտրոնացնի ԱՄՆ ներքին օրակարգի վրա;
• Մայիսը նշվել է որպես քվեարկության հնարավոր վերջնաժամկետ, սակայն գործակալության որոշ զրուցակիցներ այս ժամկետը համարում են անիրատեսական. Ուկրաինայում ազգային քվեարկության կազմակերպումը կտևի մոտավորապես վեց ամիս, նույնիսկ արագացված ընթացակարգերով;
• Հիմնական հարցերի շուրջ հիմնարար անհամաձայնությունները շարունակվում են։ Տարածքային հարցում փոխզիջում չկա. Ռուսաստանը պնդում է Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ լիակատար վերահսկողության վրա, մինչդեռ Ուկրաինան հրաժարվում է զիջել իր կողմից վերահսկվող տարածքները՝ թույլ տալով միայն այլընտրանքային կարգավորման ձևաչափեր;
• Զապորոժյեի ատոմակայանի հարցը մնում է չլուծված. ԱՄՆ-ի առաջարկը հնարավոր միջազգային կամ ամերիկյան վերահսկողության վերաբերյալ մերժվել է Ռուսաստանի կողմից;
• Կիեւն ընտրությունների և հանրաքվեի հնարավորությունը կապում է բացառապես իրական հրադադարի և Միացյալ Նահանգների ու նրա արևմտյան գործընկերների կողմից տրված հստակ անվտանգության երաշխիքների հետ;
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը չեն պատասխանել Reuters-ի հարցումներին։