ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «ԵՏՄ-ի ինքնալուծարման» և այն փաստի մասին, որ «կազմակերպությունը պետք է պատասխանի՝ գոյություն ունի՞, թե՞ ոչ» հարցին։
«Մենք ծանոթացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում, ինչպես նաև լրագրողների հետ հետագա ճեպապզրույցի ժամանակ։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը զրույցն այլ կողմ է տանում, դեմագոգիայի ոլորտ, ինչպես արդեն արել է ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության, այսպես կոչված, սառեցման հետ կապված։ Սակայն նա անպատասխան թողեց գլխավոր հարցը։ Մասնավորապես, ինչպե՞ս կարելի է 2025 թվականին ընդունել «ՀՀ-ի Եվրոպական Միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, բազմիցս պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել, որոնցում թվարկված են հանրապետությունն այս միությանը մոտեցնելու կոնկրետ քայլերը, միաժամանակ, հայտարարել ԵՏՄ-ի լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։ Ըստ էության, ստացվում է, որ Երևանի գործունեությունը Միության շրջանակում ընդամենը ժամանակավոր միջոց է՝ եվրոպական դաշինքին անդամակցելու համար, որի չափանիշներն ու կանոնները հիմնարար կերպով տարբերվում են ԵՏՄ-ի չափանիշներից և կանոններից, և որը, ավելին, վարում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն: Նման վարքագիծը չի կարելի անվանել ԵՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն»,- հայտարարել է նա։
Ըստ Զախարովայի՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղին զգալի ռիսկեր է պարունակում ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Փաստաթղթում ընդգծվում է ԵՏՄ անդամ պետություններին հասցվող ցանկացած վնաս կանխելու անհրաժեշտությունը։ Զախարովան նշել է՝ հայտարարության մեջ ասվում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում։ Չորս երկրների ղեկավարները նաև ընդհանուր դիրքորոշում են հայտնել Հանրապետությունում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ ԵՄ-ին միանալու կամ ԵՏՄ-ում մնալու վերաբերյալ։
«Հետևաբար, Երևանը, ինչպես կոչ է անում Նիկոլ Փաշինյանը, պետք է պատասխանի իր ռազմավարական ընտրության մասին հարցին։ Եվ որքան հնարավոր է՝ շուտ»,- հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման, ինչպես նաև իր տարածքով դեպի ԵՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները ԵՏՄ անդամ մի շարք երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն են առաջացնելու։
«Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ գիտեք ինչ, ես այլևս չկամ, դե եթե իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք կանք, մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք այնտեղ։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Եթե ուղիղ կամ ակնարկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք։ Այն, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, Եվրասիական տնտեսական միության մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու։ Մենք Կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս պրոցեսների մասին, և ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս պրոցեսն առանց հայտարարելու տեղի է ունենում, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, նրանք գնահատելու են որպես ռիսկ, որն իրենց առջև կանգնած է»,- ասել էր Փաշինյանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի