2026 թվականի հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ 73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, նախկին փոխվարչապետ եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Իվանովը, որը ժամանակին համարվում էր Վլադիմիր Պուտինի հնարավոր հետնորդը:։
Հավաքել ենք երեք մեջբերում տարբեր տարիներին Հայաստանում Սերգեյ Իվանովի արված հայտարարություններից։
«Հայաստանին իրականում ոչ ոք չի կարող սպառնալ»
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը 2003 թվականի նոյեմբերի 11-ին Երեւանում հայտարարել էր, որ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, ռուս զինծառայողների եւ ժամանակակից սպառազինության քանակը անիրատեսական է դարձնում ռազմական սպառնալիքը Հայաստանին որեւէ մեկի կողմից»։
Սերգեյ Իվանովն այս մասին ասել է՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ղեկավարների հայտարարություններն այն մասին, որ ռուսական ռազմաբազայի ներկայության պատճառներից մեկը Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող ռազմական վտանգն է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել էր, որ Հայաստանում տեղակայված է 5.000 ռուս զինծառայող՝ «դա լիարժեք բրիգադ է»։
«Մենք Հայաստանին որեւէ կողմ չենք ուղղորդելու»
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը 2005 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ ինքը կորոշի, թե ուր շարժվել»։
«Մենք միասին անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Հայաստանում տեղակայված է խոշոր ռուսական ռազմաբազա։ Մենք ունենք շատ սերտ տնտեսական եւ մշակութային կապեր, բայց մենք Հայաստանին որեւէ կողմ չենք ուղղորդելու։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ ինքը կորոշի, թե ուր շարժվել՝ դա մեր սկզբունքներից մեկն է», – ասել էր Իվանովը։
«Առանց մեծ դիվանագիտական խորամանկությունների»
2007 թվականի ապրիլի 11-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին ճանաչում է «դեռ նախորդ դարից»:
«Այդ հարաբերությունները մեզ թույլ են տալիս բազմաթիվ հարցեր քննարկել բաց ու անկեղծ՝ առանց մեծ դիվանագիտական խորամանկությունների», – ասել էր Իվանովը: