«Այսօր Փաշինյանի թիմի ներսում արգելված է մեր արևելյան ու արևմտյան հարևանի մասին թթու խոսք ասել». Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին իմ հարյուրավոր գրություններում, սյունակներում, զրույցներում երբեք չեմ քննադատել թրքամետության, ադրբեջանասիրության, էլ չասած՝ Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու և դավաճանության մեջ:
     Որպես ՀՀ քաղաքացի և լրագրող պարոն Փաշինյանին ու նրա քարոզչական թիմին քննադատել ու մեղադրել եմ պոպուլիզմի և պոպուլիզմը արտաքին քաղաքականություն տանելու մեջ, ինչը մեզ բերել է աղետ:
     Այս լուսանկարը մինչև այսօր դրված է վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթի կայքում:
     Սա հպարտ քաղաքացու անձնագիրն է՝ ՀՀ-ով, ԼՂԻՄ-ով ու ազատագրված/վերահսկվող/գրավյալ տարածքներով: Սա «Արցախը Հայաստան է ու վերջ»-ի վերջն է:
     Այս պատկերը ես հիշեցի, երբ երեկ մեր արդարադատության նախարարը պարզ տեքստով հայտարարեց, որ նոր Սահմանադրությունը արտահայտելու է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այն է՝ Սահմանադրության նոր տեքստից հանվելու են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն ու Թուրքիային գրգռող հատվածը:
     Այո՛, մենք չենք սկսել պատերազմը Ադրբեջանի դեմ, բայց պարոն Փաշինյանն ու թիմը իր անպատասխանատու, պոպուլիստական քայլերով վիժեցրել է բանակցային գործընթացն ու Ադրբեջանին տվել լեգիտիմ իրավունք պատերազմով լուծել Արցախի հակամարտությունը:
     Բայց իմ այս գրությունը մեկ այլ կարևոր բանի մասին է: Եթե 2020-ի սկզբին Փաշինյանն ու թիմը Ադրբեջանի գլխին ճոճում էին հպարտ քաղաքացու աձնագիրն ու Մյունխենյան վեց կետանոց արկածախնդրությունը, այսօր թիմի ներսում արգելված է մեր արևելյան ու արևմտյան հարևանի մասին թթու խոսք ասել: Մի նախարար ունենք, որ գրեթե Ադրբեջանի տնտեսական խոսնակի դեր է ստանձնել:
     Այսօր պարոն Փաշինյանի թիմը ջերմեռանդությամբ լծվել է մի նոր, մեր մեկ այլ վտանգավոր հարևանի՝ Ռուսաստանի դեմ հակաքարոզչությամբ: Ու կրկին ներքաղաքական հարցեր լուծելն է:
     Այս ամենը կարող է Հայաստանի համար շատ ցավալի հետևանքներ ունենալ»:

Leave a comment