Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կայունանալու նախադրյալներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո հնարավոր է իրավիճակի կայունացում, Լեբեդևը նշել է, որ նման նախադրյալներ տեսնում է։
«Այո՛, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Իսկ ԱՊՀ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք շարունակում են մնալ մեր կազմում»,- ասել է նա։
ԱՊՀ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության տնտեսական խորհրդի այսօրվա նիստին մասնակցել է նաև Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, որը մասնակցել է քննարկումներին և ստորագրել համապատասխան փաստաթղթերը։
«Մենք հույս ունենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- եզրափակել է Լեբեդևը։