Ամերիկայի կոչը. խուսափեք թվային ինքնիշխանության ծուղակից

Ներկայացնում ենք ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ եւ Pax Silica նախաձեռնության հեղինակ Ջեյքոբ Հելբերգի հոդվածի հայերեն թարգմանությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում մեկնարկել է ամերիկյան տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով արհեստական բանականության (ԱԲ) խոշոր «գործարանների» կառուցումը, այս հոդվածում ներկայացվող ԱՄՆ մոտեցումներին ծանոթանալը խիստ կարեւոր ենք համարում: 
Ջեյքոբ Հելբերգ
Այսօր քիչ բառակապակցություններ կան, որոնք նույնչափ շոյում են կառավարությունների ինքնասիրությունը, որքան «թվային ինքնիշխանություն»-ը։ Դրանցում անկախության մեղեդին է, ինքնակառավարման արժանապատվությունը, խոստումը, որ երկիրն իր ճակատագիրը պահում է իր ձեռքում։ 
Շատ երկրներ իրենց հույսերը կապում են ՄԱԿ-ի հետ, որն այս գաղափարի մեծ քարոզիչ է դառնում։ Գլոբալ թվային համաձայնագրի եւ դրա շուրջ որոշ մարդկանց կողմից ստեղծվող միջոցների ու մեխանիզմների օգնությամբ ՄԱԿ-ը ձգտում է այնպիսի աշխարհ ստեղծել, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի այն, ինչ գլխավոր քարտուղարի զեկույցներում անվանում են արհեստական բանականության «բացարձակ նվազագույնը». սեփական համակարգիչներ, սեփական տվյալներ, սեփական մոդելներ, որոնք ստեղծվել եւ պատկանում են հենց այդ երկրներին։ 
Քարտուղարության առաջարկած բազմամիլիարդանոց ֆոնդի նպատակն է նպաստել այս ամենի ստեղծմանը։ Եվ ավելի շատ երկրներ, համոզված լինելով, որ անկախությունը կրկնօրինակում է պահանջում, մշակում են ԱԲ ոլորտի ազգային ռազմավարություններ, ընդ որում՝ յուրաքանչյուրը վճռականորեն տրամադրված է իր սահմաններում նորովի ստեղծել մի համակարգ, որն արդեն գոյություն ունի։
Գաղափարը գայթակղիչ է։ Գայթակղիչ, բայց հետամնաց եւ հակաարդյունավետ։ 
Սիլիկոնյան հովտի առաջնորդները կարողություն են կուտակել մի մոլորության վրա, որին ոլորտի ավանդական առաջնորդները դեռեւս դիմադրում են. մրցակցությունը առկա ապրանքների եւ մեթոդների համար, բարգավաճում չխթանելով, հաճախ խոչընդոտում է աճին եւ հանգեցնում լճացման։ Ընկերությունը, որը պատճենում է առկա պրոդուկտը եւ հետեւում է ավանդական մեթոդներին, մտնում է գերհագեցած շուկա եւ տեսնում, որ իր շահույթը հասնում է զրոյի, քանի որ հարյուրավոր մրցակիցներ վաճառում են նույն բանը։ Մինչդեռ ընկերությունը, որն իրոք նոր բան է ստեղծում, ընդհանրապես մրցակիցներ չունի եւ, հետեւաբար, շահույթ է ստանում։ Միայն նորարարներն են ստեղծում նոր հարստություն հասարակության համար։ 
Այժմ կիրառեք այս մոլորությունը երկրների նկատմամբ։ Պատկերացրեք մի համաժողով, որտեղ քառասուն երկրների կառավարությունները հերթով հռչակում են ինքնիշխան «ամպ»՝ ինքնիշխան մոդել, իրենց ազգային առաջնորդ-ընկերությունը։ Այնուհետեւ ծափահարում են միմյանց անկախությունը։ Հետո վերադառնում են տուն եւ միլիարդներ ներդնում ընկերություններում, որոնք ստեղծվել են, որ անեն հենց այն, ինչ իրենց շուկաներում արդեն անում է 39 այլ ընկերություն։ Նրանք ոչ թե այսպես կոչված «թվային ինքնիշխանության» կհասնեն, այլ միջակության. ցածրորակ կլոնների մի ամբողջ մոլորակ, որոնցից յուրաքանչյուրը հերոսաբար կկրկնի անցյալ տարի ձեռք բերվածը, մինչդեռ իրական առաջընթացը կշարունակվի առանց իրենց։
Մինչ մյուսները վերակառուցում են ներկան, ամերիկյան ընկերությունները կերտում են ապագան։ Նրանք չեն պաշտպանի երեկվա հարթակը. նրանք կստեղծեն եւ կիրականացնեն վաղվանը. պրոդուկտներ, որոնք դեռ գոյություն չունեն, որոնք Ժնեւի ոչ մի հանձնաժողով չի հասցրել սուբսիդավորել, որոնք կսահմանեն առաջիկա տասնամյակը՝ նախքան կլոնները կավարտեն վերջին տասնամյակի կլոնավորումը։
Եվ քանի որ նրանք առաջնագծում են, կպահպանեն այն, ինչ տալիս է այդ դիրքը. բարձր շահույթ, ակտիվների արժեքի սրընթաց աճ եւ համաշխարհային տնտեսությունում գերիշխող դիրք։ Սա ամերիկյան «պատահական բախտ» չէ։ Սա անսասան թվաբանություն է։
Հենց այս տարբերությունն են անտեսում ինքնիշխանության կողմնակիցները, եւ սա է տեղի ունեցողի գլխավոր պատճառը։ Երկիրը թվային ինքնիշխանություն ունի ոչ թե այն պատճառով, որ կարող է կրկնօրինակել երեկվա նվաճումները. աշխարհի կեսը կարող է դա անել։ Երկիրը թվային ինքնիշխանություն ունի, եթե կարող է ներդրում անել ապագայի ստեղծման մեջ։ Անվանենք սա նորարարական ինքնիշխանություն. իշխանություն, որը թույլ է տալիս չպատճենել արդեն գոյություն ունեցողը, այլ ստեղծել այն, ինչը դեռ չկա։ Նորարարը չափում է իր ուժը նոր բան հորինելու ունակությամբ, ստեղծելով մի բան, որը ոչ ոք չի կարող հորինել։ Մեկի համար տասնամյակն ավարտվում է թանգարանում։ Մյուսին պատկանում է ապագան։ 
Ամերիկան բավականին արագ սովորեց այս դասը։ Երբ աշխարհն անցավ 5G-ի, Միացյալ Նահանգները չունեին ազգային առաջատար, որը կարող էր ստեղծել ցանցի հիմքը հանդիսացող ռադիոկայաններ եւ բազային կայաններ։ Սա կարող էր հանգեցնել արտակարգ իրավիճակի թվային ինքնիշխանության ոլորտում եւ տեղական սարքավորում արտադրողների համար, որոնք ստիպված կլինեին սկսել զրոյից: Սակայն դա տեղի չունեցավ: Դրա փոխարեն ամերիկյան ընկերությունները սարքավորումներ գնեցին վստահելի գործընկերներից եւ կիրառեցին իրենց տաղանդը այլ ոլորտներում. ամպային տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովում եւ ԱԲ, որոնք այժմ կառավարում են աշխարհը: 
Ամերիկան ապագայի համար մղվող մարտում չհաղթեց՝ անտենա ստեղծելով: ԱՄՆ-ն հաղթեց՝ ստեղծելով այն ամենը, ինչի համար անհրաժեշտ են այդ անտենաները:  
Սա է Pax Silica-ի տրամաբանությունը: Մենք այն չենք կառուցել որպես ինչ-որ ամրոց: Մենք այն ստեղծել ենք որպես կոալիցիա, որպես միացյալ հնարավորություններ՝ միջոց, որի օգնությամբ միմյանց վստահող երկրները կարող են գտնել լավագույն տեխնոլոգիաները, որտեղ էլ որ լինեն, եւ միավորել իրենց ուժեղ կողմերը: Գաղափարը պարզ ու հստակ է. հուսալի գործընկերները, օգտագործելով իրենց ուժեղ կողմերը, հասնում են նրան, ինչին ոչ մի առանձին, մեկուսացված երկիր չէր կարող հասնել միայնակ: Մեկ գործընկեր ունի հաշվողական հզորության, մյուսը՝ հանքային ռեսուրսներ, երրորդը՝ տաղանդներ ինչ-որ այլ ոլորտում, չորրորդը՝ կապիտալ, եւ արդյունքը բազմապատկման էֆեկտն է: 
Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան վերջերս մի միտք արտահայտեց, որին պետք է ուշադրություն դարձնեն թվային ինքնիշխանության կողմնակիցները: Առաջատար մոդելը երբեք նպատակ չի եղել. նպատակը առաջատար էկոհամակարգն է, որը կառուցված է այնպես, որ դրա արժեքը տարածվի մյուսների վրա՝ յուրաքանչյուր ընկերության, արդյունաբերության եւ երկրի վրա, այլ ոչ թե կուտակվի միկրոչիպ ունեցող բախտավոր մեկի ձեռքում: 
Մեծ հարթակները միշտ ավելի շատ վերադարձրել են, քան պահել իրենց մոտ. նրանք ավելի շատ հարստություն են ստեղծում իրենց շուրջը, քան կուտակում ներսում: Երկիրը թվային ինքնիշխանություն չի ունենա, եթե հավատարիմ մնա այնպիսի մոդելի, որը մեկ տարվա ընթացքում կհնանա: Այն կհասնի թվային ինքնիշխանության, եթե կառավարի այնպիսի ցիկլ, որը իր սեփական փորձը կդարձնի առավելության:
Թվային ինքնիշխանության կողմնակիցները կարծում են, որ զինում են իրենց երկրները՝ նախապատրաստելով ապագային: Իրականում նրանք կատարյալ եւ լավ ֆինանսավորված շարքով երկրները տանում են դեպի անցյալ: Թվային ինքնիշխանությունը երբեք չի եղել պատ կամ ինչ-որ բանի պատճենում։ Այն միշտ եղել է նոր սահման, եւ ինտելեկտի դարաշրջանում թվային ինքնիշխանություն կունենան միայն այն երկրները, որոնք քաջություն կունենան շարունակելու ընդլայնել իրենց կարողությունները, ձգտելու նոր սահմանների եւ ուսումնասիրելու չուսումնասիրված տարածքները։ 
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment