Աճել է կախվածությունների կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը. Վարդազարյան

Բաժանորդագրվել

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն դիմող անձանց շրջանում աճել են սինթետիկ թմրամիջոցների գործածման դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը վերջին 5 տարում աճել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը։

Նշենք, որ հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։

«Վերջին 5 տարում թմրամիջոց գործածող և մեր կենտրոնում հաշվառված անձանց թիվն աճել է 6.3%–ով։ Կանանց թիվն աճել է մոտ 8%–ով։ Անչափահասներ նույնպես ունենում ենք հաշվառված, սակայն նրանց թիվը չի աճում։ Ամեն տարի ունենում ենք 6-9 մինչև 18 տարեկան անձ։ Սա մեր հասարակության համար լուրջ մարտահրավեր է։ Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժում մեզ մոտ 5 տարվա ընթացքում ստացել է 1000-ից ավելի քաղաքացի»,– ասաց Վարդազարյանը։

Շեշտեց` իրենց դիմող անձանց շրջանում աճել են նաև սինթետիկ թմրամիջոցների գործածման դեպքերը։ Այդ անձանց մոտ 60-70%–ը հենց դրանց հետ կապված խնդիրներ են ունենում, մասնավորապես խոսքը մեթամֆետամինի, ամֆետամինի, ալֆա PVP տեսակի թմրամիջոցների մասին է։

Վարդազարյանը շեշտեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար կենտրոնում բուժումն անվճար է ու մարտի 1-ից անվճար է նաև մեթադոնային փոխարինող բուժումը։

Ընդհանուր առմամբ այս պահին մեթադոնային փոխարինող բուժում ստացող 630 պացիենտ կա։

Leave a comment