ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է «Եվրասիա 2030+. ներդրումներ, աճ և նոր հնարավորություններ» խորագրով լիագումար նիստին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է «Եվրասիա 2030+. ներդրումներ, աճ և նոր հնարավորություններ» խորագրով լիագումար նիստին։
Իր ելույթում Վահե Հովհաննիսյանը շնորհավորել է ԵԱԶԲ-ին 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել ընթացիկ ռազմավարության կատարման ցուցանիշները, որոնց շրջանակում բանկի ներդրումները երկրում կազմել են 380 միլիոն դոլար՝ 30%-ով գերազանցելով հնգամյա թիրախը։ Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ ԵԱԶԲ-ն Հայաստանում ֆինանսավորում է հետաքրքիր նախագծեր էներգետիկայի, ագրոարդյունաբերության և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտներում։
Նախարարն անդրադարձել է Հայաստանի լոգիստիկ շրջադարձային ձեռքբերումներին, ներքին հաղորդակցության ուղիների արդիականացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությանը, «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին և մարզերում 5 արդյունաբերական գոտիների գործարկման նպատակին։
Եզրափակելով խոսքը՝ նախարարը նշել է, որ բարդ նախագծերի մշակման և երկարաժամկետ միջոցների ներգրավման հարցում ԵԱԶԲ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ բանկի առաջնահերթությունները ներդաշնակ են Հայաստանի զարգացման ազգային օրակարգին։
Միջոցառումը, որի շրջանակներում նաև Եվրասիական զարգացման բանկի և Հայաստանի մի շարք մասնավոր կազմակերպությունների միջև ստորագրվել են կարևոր վարկային պայմանագրեր, ևս մեկ հնարավորություն էր ամրապնդելու գործընկերային հարաբերությունները և շարունակելու կառուցողական շփումները: