Եվս մեկ կարևոր հռչակագիր ստորագրեցինք ԱՄՆ-ի հետ. Նարեկ Մկրտչյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Դե ինչ՝ եւս մեկ կարեւոր հռչակագիր ստորագրեցինք ԱՄՆ-ի հետ Pax Silica ռազմավարական նախաձեռնության դաշինքի համաժողովի շրջանակներում:

Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրեցինք Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարության։ Սա շատ կարեւոր ազդակ է առ այն, որ Հայաստանն այլեւս դիտարկվում է որպես վստահելի գործընկեր եւ այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա՝

  • Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։
  • ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։
  • Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղություններով»։

Leave a comment