Երևանում տեղի ունեցավ «Ապագայի առաջնորդներ» համաժողովը 70 աշակերտների մասնակցությամբ

Հունիսի 19-ին Երևանում կայացավ «Ապագայի առաջնորդներ» համաժողովը՝ «Համաշխարհային հնարավորություններ և մասնագիտական աճ» թեմայով։ Նախաձեռնությունն իրականացրեց «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը՝ «Իզի Փեյ»-ի և Business Development Group-ի հետ սերտ համագործակցությամբ։ 

Համաժողովի նպատակն էր ստեղծել փորձի փոխանակման և նոր գաղափարների ձևավորման միջավայր պատանիների համար և օգնել նրանց գիտակից մասնագիտական կողմնորոշման մեջ։ 

Համաժողովը միավորեց ՀՀ մարզերի 8–12-րդ դասարանների շուրջ 70 առաջնորդ-աշակերտների։ Մասնակիցներն ունեցան քննարկումներ որակյալ կրթության, կայուն համայնքների, բնապահպանության և արժանապատիվ աշխատանքի մասին։ Նրանք նաև ներգրավվեցին world café ձևաչափի քննարկումներում և ծանոթացան փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության ծրագրերին։ Աշակերտները անդրադարձան ժամանակակից մասնագիտություններին, 21-րդ դարում պահանջվող առաջնորդի որակներին և արհեստական բանականության հնարավորություններին։ Համաժողովն ամփոփվեց «Իկիգայ և առաջնորդություն» ինքնաճանաչման վարժանքով։ 

«Իզի Փեյ»-ը իր գործընկերներ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի և Business Development Group-ի հետ զարգացնում է համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Կազմակերպությունները կարևորել են համաժողովի դերն իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որի նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը և առաջարկել պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ «Իզի Փեյ»-ի 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ։ Իր գործունեությանը համատեղ՝ ընկերությունը մեծ կարևորություն է տալիս ԿՍՊ ծրագրերի իրականացմանը և ներկայանում է հանրության և տարբեր ոլորտների համար օգտակար համագործակցություններով։ 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կրթական հիմնադրամ է, որը նվիրված է համակարգային բարեփոխումներին: Իր բոլոր ծրագրերի միջոցով հիմնադրամն աշխատում է 60 000 աշակերտի հետ ամբողջ Հայաստանում՝ ազդելով հանրակրթական դպրոցների աշակերտների 20%-ի վրա: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք ոլորտների վրա՝ 

  1. տաղանդների հոսքի ստեղծում հանրակրթական դպրոցներում, 
  2. շրջանավարտների ցանցի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար, 
  3. համակարգային բարեփոխումներ: 

BDG-ն առաջատար կրթական հարթակ է, որն առաջարկում է մասնագիտական կրթության ու տաղանդների զարգացման նորարարական լուծումներ տարբեր ոլորտներում`հնարավորություն տալով անհատներին և բիզնեսներին լինել մրցունակ համաշխարհային շուկայում։ Ընկերությունը հասանելի է դարձնում այլընտրանքային կրթությունը՝ առաջարկելով դասընթացներ սկսնակների, մասնագետների և ընկերությունների համար։

Leave a comment