Apple-ը բարձրացրել է MacBook-ի և iPad-ի գները՝ հիշողության չիպերի պակասի պատճառով

Ամերիկյան Apple Inc.-ը բարձրացրել է իր մի շարք արտադրանքների, այդ թվում՝ MacBook նոթբուքերի և iPad պլանշետների գները՝ հիշողության չիպերի դեֆիցիտի ֆոնին դրանց արժեքի աճի պատճառով։

Ավելի վաղ գների նախատեսվող բարձրացման մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել էր Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը։ WSJ-ի աղբյուրների տվյալներով՝ ընկերությունը տարեկան օպերատիվ և մշտական, այսպես կոչված, ներքին հիշողության չիպերի վրա ծախսում է 10-13 միլիարդ դոլար։

MacBook Air նոթբուքն այժմ կարժենա 1299 դոլար՝ նախկին 1099 դոլարի փոխարեն, բյուջետային MacBook Neo տարբերակը թանկացել է 599 դոլարից մինչև 699 դոլար, իսկ MacBook Pro-ի մեկնարկային գինը կկազմի 1999 դոլար՝ նախկին 1699-ի փոխարեն։ 11 դյույմանոց էկրանով ամենաէժան iPad Pro պլանշետը կարժենա 1199 դոլար (նախկինում՝ 999 դոլար), իսկ iPad Air-ը՝ 749 դոլար (599 դոլարի փոխարեն)։

Գների աճը վերաբերել է նաև HomePod խելացի բարձրախոսին, որի արժեքը բարձրացել է 299 դոլարից մինչև 349 դոլար, ինչպես նաև դրա mini տարբերակին՝ 99 դոլարից մինչև 129 դոլար։ Թանկացել է նաև Apple TV սարքը՝ 129 դոլարից հասնելով 199 դոլարի։

Apple-ի կայքից երևում է, որ iPhone սմարթֆոնների գներն առայժմ չեն բարձրանա։

«Արհեստական բանականության համար նոր տվյալների մշակման կենտրոնների ակտիվ կառուցումը հանգեցրել է հիշողության և պահեստավորման միջոցների պահանջարկի անհավանական աճի», – հայտարարել է Apple-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «ընկերությունը երբեք չի արձանագրել բաղադրիչների գների այսքան ուժեղ և արագ աճ»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment