ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել

Քաղաքականություն

25.06.2026 | 19:40

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)  հունիսի 24-ին ընդունել է Վրաստանի վերաբերյալ քննադատական ​​բանաձև, որում խորը մտահոգություն է հայտնում երկրի ժողովրդավարական հետընթացի, քաղաքական ճնշումների և խորը ինստիտուցիոնալ ճգնաժամի կապակցությամբ, գրում է JAM News-ը։

«Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևը հիմնված է Վրաստանում իրավիճակը դիտարկող համազեկուցողների եզրակացությունների վրա։ Փաստաթուղթը վերահաստատում է նախկին գնահատականները և նշում, որ Վրաստանում քաղաքացիական հասարակության, ընդդիմության և քննադատական ​​ձայների նկատմամբ ճնշումը շարունակվում են։

Բանաձևում նշվում է, որ ընդդիմադիր կուսակցություններն արգելելու և դրանց առաջնորդներին հետապնդելու փորձերը Վրաստանը մղում են դեպի միակուսակցական կառավարում և բռնապետություն։ ԵԽԽՎ-ն պահանջում է վերացնել ընդդիմության գործունեության արգելքը և դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ ԵԽԽՎ-ի կարծիքով՝ երկրում ճնշումը և սուր բևեռացումը հաշվի առնելով՝ բացակայում են իսկապես ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները։

Վեհաժողովը կոչ է անում «Վրացական երազանքի» կառավարությանը բաց և ներառական քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։ Բանաձևը նաև խստորեն քննադատում է խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների ու ոչ կառավարական կազմակերպությունների վրա ճնշումները։ Փաստաթուղթը պահանջում է չեղյալ հայտարարել ռեպրեսիվ համարվող օրենքները, այդ թվում՝

  • «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը,
  • «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը,
  • Վերջերս կատարված այլ օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ քննադատների, սահմանափակում են քաղաքացիական և քաղաքական ազատությունները:

Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնում ոստիկանական բռնության, ձերբակալվածների նկատմամբ հնարավոր խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին հաղորդագրությունների վերաբերյալ ու կոչ անում անկախ հետաքննություն անցկացնել այդ միջադեպերի հետ կապված։ Բանաձևը հաստատում է ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի զեկույցի եզրակացությունները և կոչ է անում Վրաստանի իշխանություններին՝ իրականացնել դրա առաջարկությունները։

Լրացուցիչ փոփոխություններով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • Ընդդիմության բանտարկված առաջնորդ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակ։
  • Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորում և նրա վատթարացող առողջական վիճակ. բանաձևը կոչ է անում նրան տեղափոխել արտասահման՝ բուժման համար։
  • Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու ծրագրերում Վրաստանի հնարավոր դերի մասին հաղորդումներ։
  • Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի արտաքսման գործ։
  • Ռուսաստանի ռազմական գործունեությունը Սև ծովում և Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային բազա կառուցելու ծրագիրը։

Ի դեպ, Վրաստանի վերաբերյալ բանաձևին կողմ է քվեարկել 83 պատգամավոր,  դեմ՝ 5-ը, ձեռնպահ է մնացել 4-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment