AI-ի նկատմամբ աճող հետաքրքրությունը փոխում է ներդրումային հոսքերի ուղղությունները. կրիպտո շուկան բախվել է տարվա ամենաթույլ մեկնարկին

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթ Bitcoin-ը (BTC) 2026 թվականին գրանցել է տարվա ամենաթույլ մեկնարկը առնվազն վերջին տասնամյակում, քանի որ ներդրողները կապիտալը տեղափոխում են դեպի արհեստական բանականության (AI) ոլորտի ընկերություններ և սպասվող խոշոր IPO-ներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով LSEG-ի (London Stock Exchange Group) տվյալներին։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Bitcoin-ի արժեքը նվազել է շուրջ 15%-ով, ինչը ամենախոշոր շաբաթական անկումն է 2022 թվականի նոյեմբերից, երբ փլուզվեց FTX կրիպտոբորսան։ Արդյունքում Bitcoin-ի գինը հասել է մոտ 63,000 ԱՄՆ դոլարի, իսկ տարվա սկզբից ակտիվը կորցրել է իր արժեքի մոտ 33%-ը, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար ամենավատ ցուցանիշն է առնվազն 2015 թվականից ի վեր։

Շուկայի վրա լրացուցիչ ճնշում է գործադրել նաև Strategy ընկերության որոշումը։ Մայքլ Սեյլորի ղեկավարած ընկերությունը, որը համարվում է աշխարհում Bitcoin-ի խոշորագույն կորպորատիվ սեփականատերը, հայտնել է, որ 2022 թվականից հետո առաջին անգամ վաճառել է իր Bitcoin պահուստների մի մասը։

RBC BlueBay Asset Management ընկերության ֆիքսված եկամտաբերության ներդրումների գլխավոր տնօրեն Մարկ Դաուդինգը նշել է, որ շուկան կրկին ցույց է տալիս, թե որքան արագ կարող են ներդրումային ակտիվները դուրս գալ ուշադրության կենտրոնից, երբ ներդրողների հետաքրքրությունը տեղափոխվում է նոր ոլորտներ։ Նրա խոսքով՝ ներկայում այդ ոլորտը արհեստական բանականությունն է։

Մինչև 2020 թվականը Bitcoin-ը գրեթե կապ չուներ ամերիկյան S&P 500 ֆոնդային ինդեքսի շարժի հետ, սակայն վերջին վեց տարիներին դրանք հիմնականում շարժվել են նույն ուղղությամբ։ Վերջին ամիսներին այդ փոխկապակցվածությունը կրկին փոխվել է․ AI ոլորտի բաժնետոմսերը շարունակում են արագ աճել, մինչդեռ Bitcoin-ը հետ է մնում շուկայից։

Միաժամանակ փոխվում է նաև ամբողջ կրիպտո շուկայի կառուցվածքը։ Եթե մեկ տարի առաջ Bitcoin-ը կազմում էր շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի մոտ 63%-ը, ապա այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 56%։ Stablecoin-ների մասնաբաժինը նույն ժամանակահատվածում աճել է մոտ 7%-ից մինչև գրեթե 13%։ Ըստ CoinGecko-ի՝ Tether (USDT) stablecoin-ի օրական առևտրային ծավալն արդեն գերազանցում է Bitcoin-ի և Ethereum-ի միասնական ծավալը, իսկ USDC-ի առևտրի ծավալը հավասար է հաջորդ տասը խոշոր կրիպտոարժույթների ընդհանուր ցուցանիշին։

Վերլուծաբանները նշում են, որ ներդրումային հոսքերը հիմնականում ուղղվում են դեպի AI ոլորտ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ կիսահաղորդչային ընկերությունների ինդեքսը (SOX) աճել է շուրջ 170%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Bitcoin-ի արժեքը նվազել է մոտ 40%-ով։

Այս միտումը արտացոլվում է նաև բորսայական ֆոնդերում (Bitcoin ETF)։ LSEG-ի տվյալներով՝ միայն վերջին մեկ շաբաթում Bitcoin ETF-ներից զուտ արտահոսքը կազմել է ավելի քան 2.7 միլիարդ դոլար, իսկ 2026 թվականի սկզբից ընդհանուր արտահոսքը հասել է 3.1 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ԱՄՆ-ի չորս խոշոր կիսահաղորդչային ETF-ները՝ VanEck Semiconductor ETF (SMH), Roundhill Memory ETF, SPDR S&P Semiconductor ETF և iShares Semiconductor ETF (SOXX), միայն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում ներգրավել են ավելի քան 3 միլիարդ դոլար, իսկ տարվա սկզբից՝ արդեն շուրջ 21 միլիարդ դոլար։

Փորձագետների գնահատմամբ՝ AI ոլորտի շուրջ ձևավորված ներդրումային բումը շարունակում է շեղել կապիտալը կրիպտո շուկայից։ Այնուամենայնիվ, նրանք չեն բացառում, որ ներդրումային հոսքերը կարող են կրկին վերադառնալ Bitcoin և թվային ակտիվների շուկա, եթե AI սեկտորի աճի տեմպերը դանդաղեն կամ շուկայի տրամադրությունները փոխվեն։

Leave a comment