Լսելով միևնույն հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տարբեր օրերին տված պատասխանները՝ կարող է ձևավորվել տպավորություն, որ օրինակ՝ շաբաթվա կենտ օրերին նա եղել է սովորական գյուղացի մի մարդ, որի հիմնական զբաղմունքը եղել է խոզ խանձելը և պատահականորեն հայտնվելով պետության ղեկին, չի գիտակցել իր խոսքերի հետևանքները, իսկ շաբաթվա զույգ օրերին եղել է մտածված ու մշակված քայլերով առաջնորդվող գործիչ, որը հստակ իմացել է իր նպատակը ու անշեղորեն գնացել դեպի դրա իրականացումը։
Դեռևս օրեր առաջ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, նա հայտարարում էր, որ մեզ հրամցված էր հայրենասիրական մի մոդել, որը մոտավորապես տանում էր դեպի պետության կործանում, ու երբ ինքը ժամանակին հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», դա ասում էր իներցիայի ուժով, քանի որ ինքն էլ է եղել այդ մոդելի ազդեցության տակ։
Նման հայտարարությունը բնորոշ է շաբաթվա կենտ օրերին հայտարարություն անող սովորական «խոզ խանձողին», քանի որ պետության ղեկավարն իրավունք չունի չտարբերվել բակի «բիսեդկեքում» պարապ ժամանակ գյալաջի անողներից։ Պետության ղեկավարի կողմից անթույլատրելի է հայտարարություններ անել իներցիայի ուժով՝ չհասկանալ իր ասածի իմաստը, չգիտակցել դրա հետևանքները։ Մարդիկ ոչ թե դառնում են երկրի ղեկավար, հետո նոր սկսում սովորել, այլ սկզբում սովորում են, ապա նոր հավակնում պետություն ղեկավարելուն։ Քաղաքականության մեջ միշտ շահում է նա, որը գիտի իր խոսքի արժեքը, որն ունի սահմանված նպատակ ու դրան հասնելու քայլերի մշակված ծրագիր։ Իսկ նրանք, ովքեր անում են հայտարարություն, հետո գիտակցում, թե ինչ են արել, որպես կանոն դառնում են պատուհաս սեփական հանրության ու պետության գլխին։
Իսկ այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը չասեր, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», ապա կմնայինք «թակարդում» ու չէինք հասնի լավ կետի։
Սա արդեն շաբաթվա զույգ օրերին հայտարարություն անողի տպավորություն է թողնում։ Մարդ, որը նախքան իշխանության գալը հստակ իմացել է իր անելիքները, ունեցել է պետական քաղաքականությանը վերաբերող տեսլական ու ստանալով պետության կառավարման լծակներ, հասել է իր նպատակների իրականացմանը։ Այսինքն, նա «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունն արել է ոչ թե անմտորեն, այլ գիտակցված։
Ճիշտ է, երկու դեպքում էլ աղետալի հետևանքները չեն փոխվում, սակայն առաջին պարագայում մարդը պետությունը կործանում է քաղաքական տգիտության, երկրորդ պարագայում՝ հանցավոր դիտավորության արդյունքում։
Հավելյալ անգամ շեշտենք «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարության կարևորությունն ու աղետալի հետևանքները, որպեսզի ընթերցողի մոտ որևէ թյուր ըմբռնում չլինի։ Դա սոսկ հայրենասիրական պոռթկում չէր, ոչ էլ ընդամենը Փաշինյանի ձևակերպմամբ, մեզ պարտադրված հայրենասիրական մոդելից բխած իներցիոն բառակույտ։
«Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունը պատերազմի ազդարարում էր, քանի որ չեղյալ էր համարում ողջ բանակցային գործընթացը ու քարտ բլանշ տալիս Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու։
Եվս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հիշեցնենք քաղաքականության տարրական կանոնները։ Միջազգային հարաբերություններում պատերազմը նույնպես համարվում է միջպետական հարաբերություն։ Եթե կա խնդիր, որը պահանջում է պարտադիր լուծում, ապա պետությունները սկզբում փորձում են այն լուծել դիվանագիտական եղանակով ու բանակցային ճանապարհով։ Եթե լուծման այդ տարբերակը սպառվում է, ավարտվում է կամ տապալվում, բայց հարցը մնում է չլուծված, ապա պետություններն անցնում են պատերազմի։ Հետևաբար, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», ապա դրանով տապալեց բանակցային գործընթացը, սակայն Արցախի հարցը մնաց չլուծված, ուստի դուռ բացեց պատերազմի համար, որն արդեն դարձավ անխուսափելի։
Հիմա Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կողմնորոշվել ու հանրությանը հստակ տեղեկացնել՝ նրա «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունը քաղաքական տգիտությա՞ն արդյունք է, որի հետևանքը եղավ աղետալի պատերազմն ու շուրջ 5 հազար զոհերը, թե՞ նա մտածված է ասել «Արցախը Հայաստան է ու վերջ»՝ հստակ գիտակցելով, որ իր այդ հայտարարությամբ նա բերում է պատերազմ ու զոհաբերում մեր շուրջ 5 հազար հայրենակիցներին։
Կարեն Կարապետյան