ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը

Քաղաքականություն

25.06.2026 | 18:47

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և նրա տեղակալ Նունե Հովհաննիսյանը որպես պատասխանող կողմից ներկայացուցիչներ կմասնակցեն Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 25-ին։

Հիշեցնենք՝ ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Սահմանադրական դատարան է դիմել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։

Դատարանն աշխատանկարգային որոշումներով արձանագրել է, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նրանք չեն մասնակցի գործի քննությանը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment