«Արդար պատերազմի» դոկտրինի վերաիմաստավորումը

Ռիչարդ Հաաս
Հռոմի Պապ Լեւոն XIV-ը հունիսի վերջին Վատիկանում կհրավիրի Կարդինալների կոլեգիայի ժողով: Նախատեսված չորս նիստերից մեկը նվիրված կլինի «արդար պատերազմի» դոկտրինին:
Այս շեշտադրումն ամենեւին նոր չէ: Գրեթե երկու հազարամյակ է, ինչ Կաթոլիկ եկեղեցին ձգտում է սահմանել, թե երբ է պատերազմն արդարացված (jus ad bellum) եւ որոնք են դրա վարման թույլատրելի եղանակները (jus in bello): Նպատակը եղել եւ մնում է նույնը՝ սահմանափակել պատերազմների հաճախականությունն ու դրանց կործանարար հետեւանքները։
Լեւոն XIV-ը վերջին շաբաթների ընթացքում երկու անգամ անդրադարձել էր այս թեմային: Արհեստական բանականության մասին իր Magnifica Humanitas կոնդակում քահանայապետը կասկածի տակ էր դրել արդար պատերազմի տեսության բուն էությունը.
«Այսօր, առավել քան երբեւէ, առանց նսեմացնելու ինքնապաշտպանության իրավունքը՝ բառի բուն իմաստով, կարեւոր է վերահաստատել. «արդար պատերազմի» տեսությունը, որը չափից ավելի հաճախ է օգտագործվել ցանկացած պատերազմ արդարացնելու համար, անհույս հնացել է: Մարդկությունը կյանքի պաշտպանության եւ հակամարտությունների կարգավորման ավելի արդյունավետ գործիքներ ունի՝ երկխոսությունը, դիվանագիտությունը եւ ներումը»:
Հունիսի սկզբին, ելույթ ունենալով լրագրողների հետ հանդիպմանը, Հռոմի պապը կրկին վերադարձել էր այս թեմային. «Արդար պատերազմի գաղափարը այլեւս կիրառելի չէ: Խնդիրն այն է, որ արդար պատերազմի տեսությունը ձեւավորվել է այն դարերում, երբ ոչ ոք չէր կարող անգամ պատկերացնել այն զենքերը, որոնց մենք տիրապետում ենք այսօր, կամ այն կործանարար ուժը, որն ունի մարդկությունը»:
Այս խոսքերն հստակ վկայում են, որ Լեւոն XIV-ը ձգտում է արդար պատերազմի գաղափարը նեղացնել եւ հասցնել բացառապես ինքնապաշտպանությանը՝ օրինակ, Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ։ Կարծում եմ՝ նրա դիրքորոշման վրա մեծապես ազդել է վերջին շրջանի պատմությունը։ 2003 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը, ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին, Գազայում իսրայելական պատասխանի առանձին տարրերը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմն Իրանի դեմ. սրանք բոլորը «ընտրովի պատերազմներ» էին, որոնք դժվար է արդարացված ճանաչել:
Որպեսզի պատերազմը արդարացի համարվի, այն պետք է մղվի հանուն արժանապատիվ նպատակի, հաջողության իրական շանսերով, լեգիտիմ իշխանության որոշմամբ եւ միայն որպես ծայրահեղ միջոց։ Արդար պատերազմը պետք է վարվի միայն անհրաժեշտ ուժի կիրառմամբ (համաչափության սկզբունք), եւ խաղաղ բնակչության անվտանգության պահպանմամբ։
Սակայն «արդար պատերազմի» հստակ սահմանում տալն ավելի բարդ է, քան թվում է։ Ընդունված է, որ անխուսափելի սպառնալիքի դեմ կանխարգելիչ ռազմական գործողությունները ներառվում են ինքնապաշտպանության գաղափարի մեջ: Զգալիորեն ավելի մեծ տարաձայնությունների տեղիք են տալիս այն նախահարձակ քայլերը, որոնք նպատակ ունեն չեզոքացնել ձեւավորվող, բայց դեռեւս անխուսափելի չհանդիսացող սպառնալիքը: Այստեղ մտավախությունները հիմնավորված են. մի աշխարհ, որտեղ կանխարգելիչ պատերազմները կարող են լեգիտիմություն ստանալ, կհայտնվի չդադարող հակամարտությունների վերածվելու վտանգի առջեւ։
Սակայն ի՞նչ անել, եթե հակառակորդն արդեն իսկ արտադրում կամ ձեռք է բերում պատերազմի միջոցներ, իսկ նախազգուշացումը կարող է բավարար չլինել։ Հենց այս վախն էր հիմք հանդիսանում մի շարք ամերիկացիների համար՝ արդարացնելու 2003 թվականի ներխուժումն Իրաք։ Նույն փաստարկները հնչում էին Իսրայելում Իրանի առնչությամբ՝ թե՛ անցյալ տարի, թե՛ վերջին ամիսներին։
Ի՞նչն է համարվում արժանապատիվ նպատակ։ Եվ որքա՞ն մեծ ռիսկի դիմելու իրավունք ունի երկիրը՝ հրաժարվելով ուժի կիրառումից, եթե սխալի գինը սեփական քաղաքացիների հազարավոր կյանքերն են։
Սրանք բարդ հարցեր են։ Ո՞ր պահից է ժողովրդին ճնշելը (էլ չենք խոսում ցեղասպանության մասին) արդարացնում ռազմական ուժի օրինական կիրառումը։ Ե՞րբ է անգործությունն ինքնին վերածվում անարդարության։
Բարդություններ է պարունակում նաեւ «լեգիտիմ իշխանության» գաղափարը։  ՄԱԿ-ը հաճախ ի վիճակի չէ ո՛չ արտոնել, ո՛չ դատապարտել պատերազմը, քանի որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից որեւէ մեկը, օգտվելով վետոյի իրավունքից, արգելափակում է հավաքական գործողությունները։
Պատկերն էլ ավելի է բարդանում մեկ այլ հանգամանքով. ժողովրդական աջակցությունը պատերազմին դեռեւս այն արդարացի չի դարձնում, նույնիսկ եթե սահմանադրական ընթացակարգերը պահպանվել են։ Պատերազմի կոչ անող առաջնորդը կարող է առաջնորդվել ներքաղաքական կամ անձնական շահերով, այլ ոչ թե սկզբունքներով։
Արդար պատերազմի տեսության զգալի մասը սուբյեկտիվ դատողության խնդիր է։ Չեմ կասկածում, որ Վլադիմիր Պուտինը հաջողության հույս ուներ՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշում կայացնելիս, ինչպես եւ Դոնալդ Թրամփն ու Բենիամին Նեթանյահուն՝ Իրանի դեմ պատերազմ սկսելիս։ Ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ սխալվեցին։
Սակայն ցանկացած առաջնորդ, ով պատերազմ է սանձազերծում, կանխավ համոզված է հաղթանակի մեջ։ Պատերազմն իր բնույթով անկանխատեսելի է, եւ դա գրեթե անիմաստ է դարձնում այս չափանիշը։
Պատերազմ վարելու թույլատրելի եղանակների մասին հարցերը եւս բարդ են: Նորագույն հարցերից մեկն այն է, թե երբ եւ ինչպես արձագանքել ոչ ռազմական միջոցներով իրականացվող պոտենցիալ աղետալի հարձակումներին՝ կիբերհարձակումներին կամ, մոտ ապագայում, արհեստական բանականության կիրառմամբ հարձակումներին, որոնք կարող են կաթվածահար անել ամբողջական հասարակություններ։ Ի՞նչը համարել համաչափ պատասխան նման դեպքերում։
Արդար պատերազմի տեսությունն արգելում է նաեւ հարձակումները խաղաղ բնակիչների դեմ։ Սակայն ի՞նչ անել, երբ պետությունները կամ ոչ պետական կառույցները, ինչպիսին է ՀԱՄԱՍ-ը Գազայում, զինյալներին ու զենքը թաքցնում են դպրոցներում եւ հիվանդանոցներում։ Լեւոն XIV-ը հրապարակայնորեն դատապարտել է նման օբյեկտներին հասցվող հարվածները։ Սակայն նման գրոհների բացարձակ արգելքը քաղաքացիական հաստատությունները վերածում է ռազմական ապաստարանների, ինչը եւս անընդունելի է։ 
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 

Leave a comment