Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.06.2026 | 16:36

Ֆրանսիայի իշխանությունները Սիցիլիայի ափերի մոտ կալանել են Deliver լցանավը, որը կապված է ռուսական «ստվերային նավատորմի» հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում  գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նաև նավի կալանման գործողության տեսանյութ է հրապարակել։

«Ֆրանսիական նավատորմը երեքշաբթի կալանել է Deliver նավթատար նավը, երբ այն անցնում էր Սիցիլիայի ափերի մոտ՝ խախտելով ծովային օրենքը։ Ստվերային նավատորմի դեմ այս վերջին գործողությունը, որը ձեռնարկվել է Միացյալ Թագավորության կողմից նմանատիպ գործողությունից ընդամենը մի քանի օր անց, ցույց է տալիս եվրոպացիների վճռականությունը»,- գրել է Մակրոնը։

Նա նշել է՝ թույլ չեն տա, որ ստվերային նավատորմը շրջանցի պատժամիջոցները և ֆինանսավորի Ռուսաստանի ռազմական ջանքերը։

«Եվրոպան վճռական է։ Այն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ռուսաստանի համար պատերազմի արժեքը մեծացնելու և Ուկրաինայում ամուր ու երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

MarineTraffic կայքի տվյալներով՝ Deliver-ը ռուսական Պրիմորսկից ուղևորվում էր Սինգապուր։

Սա 2025 թվականի սեպտեմբերից ի վեր հինգերորդ դեպքն է, երբ Ֆրանսիան կալանավորում է նավ, որը կասկածվում է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանելու մեջ։ Ռուսաստանի իշխանությունները հունիսի սկզբին Tagor լցանավի կալանումն անվանել էին անօրինական և դա համեմատել ծովահենության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment