Շենգենյան վիզաների դիմումների մինչև 13%-ը մերժվում է․ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները մերժում ստանում
ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՆԳ նախարարության և Հայաստանում ԵՄ անդամ երկրների հյուպատոսությունների մասնակցությամբ մշակվել են տեղեկատվական նյութերը, որոնք նպատակ ունեն աջակցել քաղաքացիներին վիզայի դիմելու գործընթացում և նվազեցնել մերժումների թիվը։
ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան վիզայի դիմումների մինչև 13%-ը մերժվում է։ Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) հայաստանյան գրասենյակի ղեկավար ԱնդրեյԱփոյանի խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ ներկայացվում է մեկ երկիր այցելելու նպատակ, սակայն վիզան ստանալուց հետո փոխվում են ճամփորդության ուղղությունը, նպատակը կամ անգամ չեղարկվում են ներկայացված հյուրանոցային ամրագրումները։ Եթե նույնիսկ վիզան տրամադրվի, սակայն քաղաքացին մեկնի այլ երկիր, դա կարող է բացասաբար անդրադառնալ նրա հետագա վիզային պատմության վրա։
Մերժումների մյուս տարածված պատճառը ճամփորդության նպատակի վերաբերյալ ոչ հստակ կամ անարժանահավատ տեղեկություններ ներկայացնելն է։ Հյուպատոսությունները հաճախ մերժում են այն դիմումները, որոնցում նշված են ոչ տրամաբանական երթուղիներ, կասկածահարույց հրավերներ կամ այցի նպատակի ոչ բավարար հիմնավորումներ։
Խնդիրներ են առաջանում նաև միջնորդ կազմակերպությունների ծառայություններից օգտվելու դեպքում։ Ըստ օրինակներից մեկի՝ քաղաքացին դիմել է կազմակերպության՝ փաստաթղթերի պատրաստման համար, սակայն աշխատակիցները ներկայացրել են հյուրանոցի և ավիատոմսի կեղծ ամրագրումներ կամ փոփոխված բանկային քաղվածքներ։ Հյուպատոսությունը հայտնաբերել է կեղծիքները և մերժել դիմումը։
Անկախ նրանից, թե փաստաթղթերը կազմել է միջնորդը, պատասխանատվությունը կրում է դիմող քաղաքացին։
Շենգենյան վիզայի դիմողները պետք է կարողանան ապացուցել, որ բավարար միջոցներ ունեն ճանապարհածախսը, կեցությունը և այլ ծախսերը հոգալու համար։
Սակայն տարածված է նաև մեկ այլ սխալ. որոշ քաղաքացիներ դիմումից առաջ իրենց հաշվեհամարներին խոշոր գումարներ են մուտքագրում՝ ֆինանսական վիճակը բարենպաստ ներկայացնելու նպատակով, իսկ փաստաթղթերը ներկայացնելուց հետո գումարը դուրս են բերում։ Նման դեպքերը ևս կարող են հայտնաբերվել և հանգեցնել մերժման։
Մերժումների պատճառ կարող է դառնալ նաև միջազգային ճամփորդությունների սահմանափակ կամ բացակայող պատմությունը։
Հատկապես ռիսկային են համարվում այն դիմողները, որոնք նախկինում արտասահմանյան ուղևորություններ չեն ունեցել, սակայն դիմում են երկարաժամկետ կամ բազմակի մուտքի վիզաների համար։
Մասնագետները հիշեցնում են, որ վիզայի դիմումը պետք է ներկայացվի ճիշտ հյուպատոսություն՝ առաջնորդվելով «հիմնական ուղղության» սկզբունքով։
Օրինակ՝ եթե քաղաքացին նախատեսում է 20 օր անցկացնել Ֆրանսիայում և ընդամենը 2 օր՝ Բելգիայում, ապա վիզայի դիմումը պետք է ներկայացվի Ֆրանսիայի հյուպատոսություն, քանի որ քաղաքացին այնտեղ է նախատեսվում առավել երկար մնալ։
Ի՞նչ փաստաթղթեր կարող են ստուգվել
Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհաստատեն այցի նպատակը։ Կարող են ստուգվել նաև հյուրանոցի ամրագրումների ուժի մեջ լինելը, վերադարձի ավիատոմսերի առկայությունը, ֆինանսական միջոցները, ինչպես նաև այլ երկրներ այցելելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունները։
Նման ստուգումները հատկապես հաճախ են իրականացվում այն երկրներում, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր։
Ի՞նչ անել մերժումից խուսափելու համար
Մասնագետները խորհուրդ են տալիս.
- դիմել այն երկրի հյուպատոսություն, որը ճամփորդության հիմնական ուղղությունն է,
- ներկայացնել այցի հստակ և հիմնավորված նպատակ,
- տրամադրել միայն հավաստի և ստուգելի փաստաթղթեր,
- ունենալ բավարար ֆինանսական միջոցների հավաստի ապացույցներ,
- հիմնավորել Հայաստան վերադառնալու մտադրությունը՝ ներկայացնելով անձնական, մասնագիտական կամ տնտեսական կապերը հայրենիքի հետ,
- նախապես ուսումնասիրել տվյալ հյուպատոսության պահանջները,
- դիմումը ներկայացնել ժամանակին՝ ոչ ավելի վաղ, քան ուղևորությունից 6 ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկնումից 15 օր առաջ,
- խուսափել կեղծ ամրագրումներից և փաստաթղթերից,
- իսկ մերժման փորձ ունենալու դեպքում՝ նախ հասկանալ դրա պատճառները ու կատարած սխալները և միայն հետո նոր դիմում ներկայացնել։