ԵԱԶԲ-ն նախատեսում է մինչև 2031թ․–ը ներդնել 13,5 միլիարդ դոլար. Հայաստանում ներդրումների ծավալը կորոշվի նոր երկրային ռազմավարությամբ

Հայաստանում նախագծերի ֆինանսավորման ծավալը կորոշվի նոր երկրային ռազմավարության հաստատումից հետո


ԱԼՄԱԹԻ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մտադիր է 13,5 միլիարդ դոլար ուղղել մասնակից երկրներում իրականացվող նախագծերին՝ 2027–2031 թվականների ռազմավարության շրջանակում, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը բանկի 20-ամյակին նվիրված բիզնես-ֆորումի ընթացքում:


Նրա խոսքով՝ Հայաստանում նախագծերի ֆինանսավորման ծավալը կորոշվի նոր երկրային ռազմավարության հաստատումից հետո։


«Հաջորդ ժամանակահատվածի համար՝ 2027–2031 թվականներին, մենք նախատեսել ենք 13,5 միլիարդ դոլարի ներդրումների ծավալ։ Դա 10–15%-ով, իսկ պոտենցիալ՝ մինչև 20%-ով ավելին է, քան նախատեսված էր նախորդ ռազմավարությամբ։ Մենք վստահ ենք, որ այս բազային սցենարն իրագործելի է»,- ասել է Պոդգուզովը։


Նրա խոսքով՝ 2022–2026 թվականների գործող ռազմավարության շրջանակում բանկն արդեն գերազանցել է ներդրումային նախնական կողմնորոշիչները։


«Մենք պարտավորություն էինք ստանձնել 10,9 միլիարդ դոլար ներդնել մասնակից երկրների տարածքում իրականացվող նախագծերում։ Այժմ այդ նշաձողն արդեն հաղթահարված է, և, կարծում եմ, տարվա արդյունքներով ներդրումների ծավալը կհասնի 12 միլիարդ դոլարի»,- նշել է ԵԱԶԲ ղեկավարը։


Նա հավելել է, որ երկրների միջև ներդրումների վերջնական բաշխումը կորոշվի նոր երկրային ռազմավարությունների պատրաստման ավարտից հետո, որոնք նախատեսվում է հաստատել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։


Խոսելով Հայաստանի մասին՝ Պոդգուզովը հայտնել է, որ 2022–2026 թվականների ռազմավարական ժամանակահատվածում բանկի ներդրումները երկրում կազմել են շուրջ 380 միլիոն դոլար՝ գերազանցելով սկզբնապես պլանավորված ծավալը։


«Հաջորդ ժամանակահատվածի համար Հայաստանում ներդրումների հստակ ծավալները մենք դեռ կճշտենք։ Բայց նախորդ ռազմավարական ժամանակահատվածում դրանք կազմել են 380 միլիոն դոլար. սա այն թիրախի գերազանցումն է, որը մենք ի սկզբանե ունեինք»,- ասել է նա։


Հայաստանում ԵԱԶԲ խոշորագույն նախագծերի թվում Պոդգուզովը նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հետ նախագծերի, ինչպես նաև արևային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորումը։


Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Հայաստանում բանկի պորտֆելը կարող է համալրվել նոր նախաձեռնություններով։


«Կարծում եմ, որ կավելանա նախագիծ լոգիստիկայի ոլորտում։ Բացի այդ, այսօր մենք նախագիծ ենք ստորագրում «Մայլեր» տուրիստական համալիրի զարգացման վերաբերյալ»,- հայտնել է ԵԱԶԲ վարչության նախագահը։

Պոդգուզովը նշել է, որ նոր երկրային ռազմավարությունը ձևավորվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունները։


«Մենք կփորձենք ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն»,- հայտարարել է նա։

ԵԱԶԲ ղեկավարի խոսքով՝ բանկի նոր ներդրումային ռազմավարության առանցքային ուղղություններն են լինելու Եվրասիայի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի զարգացումը, պարենային անվտանգության և լոգիստիկայի ապահովումը, բարձր ավելացված արժեքով արդյունաբերությունը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիրը։


«ԱՌԿԱ» գործակալությունը բիզնես-ֆորումի մեդիագործընկերն է:

Leave a comment