Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ

Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի պատվիրակությունը ևս մասնակցել է մարզիկների շքերթին։ Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն էր։

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը։

Առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկորդները։  Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Սպորտային զույգերի ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Ձմեռային օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու 16 մարզաձևերում:

Leave a comment