Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին

Ռուսական զորքերը հունիսի լույս 25-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 90 հարվածային  անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 83-ը։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Current time-ը:

Սումիի մարզ

Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը հայտնել է, որ ժամը 6:00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքի Զարեչնի շրջանի բենզալցակայանին։ Հրդեհ է բռնկվել տեղում։ Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Բենզալցակայանի երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են։ Վիրավորվել են նաև հարվածի վայրին մոտ գտնվող ամուսիններ, նրանք տեղում բժշկական օգնություն են ստացել։

«Մեկ տարի շարունակ թշնամին փորձում է միտումնավոր ոչնչացնել տարածաշրջանի բենզալցակայանները։ Ռուսները համակարգված կերպով թիրախավորում են տարածաշրջանի վառելիքի ենթակառուցվածքները՝ խաթարելու համար բնակեցված տարածքների լոգիստիկան և վառելիքի մատակարարումը։ Հունիսին տարածաշրջանի բենզալցակայանների վրա 13 հարձակում է եղել»,- նշել է Գրիգորովը։

Զապորոժիեի մարզ

Ռուսական ուժերն այսօր առավոտյան հարված են հասցրել նաև Զապորոժիեի մարզում գտնվող բենզալցակայանին:  Ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը չի նշել, թո կոնկրետ որ բնակավայրում է այն գտնվում։

Դնեպրոպետրովսկի մարզ

Տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է Նիկոպոլի շրջանում գտնվող բենզալցակայանին հարվածի մասին: Նա հայտնել է Կրիվոյ Ռոգի շրջանում ենթակառուցվածքների վնասի մասին։ Դնեպրի շրջանում մեքենաներ և բեռնատարներ են վնասվել պահեստի վրա հարվածից հետո, իսկ Պավլոգրադում վնասվել են քոլեջի, հանրակացարանի և առողջապահական կենտրոնի շենքեր ու մեքենաներ։ Սինելնիկի շրջանում հրդեհ է բռնկվել համայնքային կենտրոնում, վնասվել են նաև 12 մասնավոր տներ և օժանդակ շինություն:

Պոլտավայի մարզ

Ըստ Պոլտավայի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի՝ ռուսական ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Պոլտավայի շրջանի արդյունաբերական ձեռնարկությանը։ Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները մարել են հրդեհը, տուժածներ չկան:

Խարկովի մարզ

Բոգոդուխով քաղաքի բնակելի թաղամասի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, հայտնել է շրջանային դատախազությունը: Վնասվել է տան ճակատային մասը և էլեկտրահաղորդման գիծը, այրվել են ավտոտնակ և երեք մեքենա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment