Քննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթությունները


ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կենսաբազմազանության վարկերի միջազգային խորհրդատվական հանձնաժողովի (International Advisory Panel on Biodiversity Credits – IAPB) փոխգործադիր տնօրեն Կամիլ Մակլեի հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել է COP17-ի նախապատրաստական գործընթացը, մասնավորապես՝ ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման և վերականգնման համար մասնավոր ֆինանսական հոսքերի ներգրավման նորարարական գործիքները։


 


Համբարձում Մաթևոսյանը   ներկայացրել է COP17-ի նախագահության կողմից մշակվող նախաձեռնությունները և քննարկել  IAPB-ի հնարավոր ներգրավվածությունը դրանց իրականացման գործընթացին։


 


Կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր հատվածի և կառավարությունների միջև համագործակցության խորացումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման նոր աղբյուրների ձևավորման և բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։


 


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ աշխատանքային փոխգործակցությունը COP17-ի նախապատրաստական փուլում։

Դիտումների քանակ10

Leave a comment