ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում, Դատական համակարգում ձերբակալություններ են սպասվում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է դատական համակարգում սպասվող աղմկոտ զարգացումների թեման։ «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կաշառքի գործով հերթական դատավորի ձերբակալություն լինի, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են հենց Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ուսումնասիրում են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերի հանգամանքներ, ինչպես նաեւ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ուշադրության կենտրոնում հայտնված դատավորի գործունեության վերաբերյալ իրականացվում են օպերատիվ եւ քննչական բնույթի գործողություններ։

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում մեկնարկել են ստուգողական գործողություններ դատական համակարգի որոշ ներկայացուցիչների մասով։ Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական կոշտ հայտարարությունը, որը հնչեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ասում եմ՝ թող բոլորն իրենց հաշիվ տան, թե ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու եւ դատվելու են։ Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ լինեն այդպիսի քրեական գործեր»,- հայտարարել էր Փաշինյանը

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի այդ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններում զգալիորեն ակտիվացել են դատավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները։

Սպասվում են կալանավորումներ»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ տեղեկացանք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով ծառայությունն առաջարկում էր համայնքապետի պաշտոնը չլքելու հանգամանքը դիտարկել որպես դատարանի դատավճիռը չկատարելու հանգամանք եւ նրան նորից կալանավորել ու ազատազրկման դատապարտել։ Ինչպեսեւ նախկինում գրել էինք՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահ համակարգն Առուշի վերաբերյալ այս որոշումը ձգձգեց ու պահեց մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, որ ըստ նախընտրական փուլում նրա կատարած աշխատանքի որոշում կայացնեն:

Դատելով այս որոշումից Առուշը խելոք գառի պես ծառայել է ՔՊ-ին, ամբողջ ուժով աշխատել է իշխանության համար, եւ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից։ Գորիսի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Առուշանյանը հավակնում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կրկին իր թեկնածությունն առաջադրել համայնքապետի պաշտոնում: Այս անգամ Գորիսը կրկին խոշորացվում է միանալով Տեղ, Տաթեւ համայնքներին, եւ ընտրված համայնքապետը մինի մարզպետիկ է դառնում: Սակայն տեղեկացանք, որ ՔՊ-ի Սյունիքի պատասխանատու, պատգամավոր Արմեն Խաչատրյանը Փաշինյանին համոզում է, որ Գորիսում իրենց ստացած ձայները ոչ այնքան Առուշի, որքան իր շնորհիվ են եղել:

Իսկ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որ մարզի դատախազի հորաքրոջ որդին է, նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, ակնկալում է, որ իրեն պիտի ՔՊ-ն առաջադրի, քանի որ իր ղեկավարած Տեղում ՔՊ-ն 52 տոկոս ձայն է ստացել, Գորիսում մոտ 48, իսկ Տաթեւում՝ ավելի քան 60 տոկոս: Այստեղ մարզպետի գործոնն է որոշիչ եղել, որը Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ քարոզարշավի վերջին օրերին ակտիվ քարոզարշավ է արել։ Ի դեպ, Գոռ Մինասյանն այդ ժամանակ վարչական վերահսկողության տակ էր, իսկ ընտրությունների հաջորդ օրը նրա նկատմամբ տային կալանք սահմանեցին։

Leave a comment