Հունիսի 6-ին Ստեփանավան համայնքում խոշոր կարկուտ է տեղացել։ MediaHub-ին տեղի բնակիչները հայտնել են, որ րոպեների ընթացքում վնասվել է բերքը, ինչպես նաև կոտրվել են մի շարք տների կտուրներ։
Վնասներն այնքան մեծ են, որ փոխհատուցման գումարը կարող է հասնել միլիոնների։ Կտուրների վնասման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են եղել դրանք ծածկել վրաններով, հեռացնել փլվածքներն ու կուտակված ջուրը, իսկ անձրևի ժամանակ տանը դույլեր են տեղադրում, որպեսզի ջուրը ներս չլցվի։
Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 6-ին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին։
MediaHub-ի հետ զրույցում Ստեփանավանի համայնքապետարանից նշեցին․ «Հունիսի 26-ին ավարտվում է գրանցման փուլը, սակայն դրանից հետո աշխատանքները շարունակվելու են։ Այժմ մեր խմբերը տեղերում շրջայցեր են կատարում, այցելում տներ, փաստագրում վնասները և արձանագրություններ կազմում։ Այս գործընթացը շարունակական է և կավարտվի միայն այն ժամանակ, երբ կազմվի վերջին տուժած բնակչի արձանագրությունը։
Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, քանի որ մեր աշխատանքի ավարտը պայմանավորված է վերջին արձանագրության կազմմամբ։ Նախ պետք է բոլոր արձանագրությունները պատրաստ լինեն, այնուհետև դրանք կուղարկվեն կառավարություն, և միայն դրանից հետո կքննարկվի ու կորոշվի փոխհատուցման հարցը»։
Թե որքան ժամանակ կպահանջվի արձանագրությունների ամբողջական կազմման համար, համայնքապետարանից դժվարացան ասել։ Ընդհանուր առմամբ կա մոտ 1400 արձանագրություն, որոնցից կեսն արդեն պատրաստ է։
«Աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով։ Գործընթացը ժամանակատար է, քանի որ բնակիչները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ սեփականության վկայականներ և այլ տեղեկություններ, ինչը երբեմն լրացուցիչ ժամանակ է պահանջում։ Մեր հիմնական նպատակը բոլոր տուժածներին գրանցելն է, որպեսզի ոչ մի մարդ ուշադրությունից դուրս չմնա։
Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա այն մենք չենք որոշում։ Մեր պարտականությունն է վնասները փաստագրել, լուսանկարել և կազմել ամբողջական փաստաթղթային փաթեթ։ Դրանից հետո համապատասխան մարմիններն են որոշելու փոխհատուցման չափն ու կարգը»,- նշեցին համայնքապետարանից։
Ստեփանավանի բնակիչները MediaHub-ին պատմեցին, որ տարբեր հասցեներում վնասների չափերը տարբեր են։ Կան փողոցներ, որտեղ տուժել են գրեթե բոլոր տները։ Բացի բնակելի տներից՝ վնասվել են նաև մեքենաներ, ավտոտնակներ և ցանքատարածություններ։
Մարիաննա Արամյան