Քաղաքականություն
24.06.2026 | 22:10
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա-Բելառուս սահմանին տեղակայված վերահեռարձակող կայանները, որոնք, ըստ Կիևի, օգտագործվում էին ռուսական անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համար, դադարեցրել են աշխատանքը հունիսի 22-ից, փոխանցում է meduza.io-ն։
Նրա խոսքով՝ այդ մասին իրեն տեղեկացրել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և հետախուզական ծառայությունները։ Սակայն դեռ պարզ չէ՝ սարքավորումները պարզապես անջատվել են, թե նաև ապամոնտաժվել են։
Վերջին օրերին, ըստ ուկրաինական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոյի, նկատվել է նաև ռուսական հարվածային անօդաչուների ակտիվության նվազում Չեռնիգովի շրջանում, ինչպես նաև դրանց զանգվածային թռիչքների բացակայություն Բելառուսի սահմանով։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ կայանները օգտագործվել են Ուկրաինայի տարածքի վրա հարվածների ճշգրտման նպատակով և պահանջել էր Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյից դրանք հեռացնել մեկ շաբաթվա ընթացքում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում դրանք կհեռացվեն Ուկրաինայի կողմից։ Բելառուսական կողմը այդ հայտարարություններին պաշտոնական արձագանք չի տվել։