Միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ ձեռք կբերվեն
Կառավարությունը մտադիր է փոփոխություններ իրականացնել հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաեւ դրանք եւ անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը սահմանելու մասին որոշման մեջ։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Ըստ որոշման՝ ապակողմնորոշող լուսային եւ ձայնային ձեռքի նռնակների, կրակոցների եւ արկերի բազմատարրի քանակը պետք է լինի 7 հատից ոչ ավելի։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ ձեռք բերված միջոցները հիմնականում ռուսական արտադրութան նմուշի են։ Իսկ նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք միջազգային ընկերությունների կողմից առաջարկվող հատուկ միջոցները առավել արդիական են, օժտված են ավելի բարձր անվտանգության չափանիշներով, սակայն դրանց բազմատարրի տարրերի քանակը հիմնականում 9-ն է, իսկ գործող որոշմամբ բազմատարրի քանակը պետք է լինի 7 հատից ոչ ավելի, որը հնարավորություն չի տալիս ոլորտի առաջատար ընկերություններից այդ միջոցները ձեռք բերել։
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել գործող որոշման մեջ բազմատարրի քանակը 7-ից փոխել 9-ի։
Անրաժեշտ է փոփոխություն անել նաեւ զրահամեքենաների մասով։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում ներառելու զրահամեքենաներ, որոնք կարող են փոխադրել ոչ պակաս, քան 4 մարդ և ունենան ոչ պակաս, քան 2 դուռ։ Ըստ նախկին տեխնիկական բնութագրի՝ զրահամեքենան փոխադրում է ոչ պակաս, քան 6 մարդ եւ ոչ պակաս, քան 1000 կիլոգրամ բեռ, ունի ոչ պակաս, քան 3 դուռ։
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի՝ ձեռք բերելու միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին։