Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում

Իսրայելը ​​դուրս չի գա Լիբանանից, եթե նույնիսկ ԱՄՆ-ն է դա պահանջում։ Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, գրում է CNN-ը։

«Մենք հստակեցրել ենք, որ ոչ մի դեպքում դուրս չենք գա, և այս պահին ԱՄՆ-ն Իսրայելից չի պահաջում դուրս գալ Լիբանանից, և սա դիվանագիտական ​​նվաճում է»,- ասել է Իսրայել Կացը։

Ըստ նրա՝ ինքն Իսրայելի դիրքորոշումը հստակեցրել է իր ամերիկացի գործընկերոջը, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Կացի մեկնաբանությունները հնչում են Թրամփի վարչակազմի հովանու ներքո Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների երկրորդ օրը։

CNN-ը նախկինում հաղորդել էր, որ Իսրայելը քննարկում է հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից զորքերի «խորհրդանշական» դուրսբերումը՝ որպես Լիբանանի կառավարությանն ուղղված «ժեստ»։

Լիբանանն էլ շեշտել է՝ բաց է Իսրայելի հետ քննարկելու իր առաջարկած անվտանգության միջոցառումները, սակայն պնդում է՝ կգնահատի և կքննարկի, թե ինչն է ընդունելի համարում, ինչը՝ ոչ։

«Մենք ակնկալում ենք, որ իսրայելական կողմը կարող է առաջարկել անվտանգության միջոցառումներ, և մենք կքննարկենք, թե ինչն է նրանց համար ընդունելի, ինչը՝ ոչ։ Ես հոռետես չեմ»,- ասել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։

Նա շեշտել է երկրի պահանջները՝ ազատ արձակել լիբանանցի բանտարկյալներին Իսրայելի բանտերից և լուծել սահմանային հարցերը։

Իսրայելի և Լիբանանի կառավարությունների միջև եղած վեճերը չեն գերազանցում «մի քանի սահմանային հարցեր, որոնք կարող են լուծվել կարճ բանակցությունների միջոցով»։ Այս մասին էլ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Լիբանանի և Իսրայելի բանակցային թիմերը երեքշաբթի Վաշինգտոնում սկսել են հինգերորդ փուլը քննարկումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment