7 ժամանոց «Սատանայական տանգոն». «Ոսկե Ծիրան-2026»-ի ամենաերկար ֆիլմը

Հուլիսին կայանալիք Ոսկե Ծիրան-2026 միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է հունգարացի հանրահայտ ռեժիսոր Բելա Տարի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Սատանայական տանգոն»։
439 րոպե տեւողությամբ այս սեւ-սպիտակ ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկը։ Ոմանց համար այն կինեմատոգրաֆիկ գլուխգործոց է, մյուսների համար՝ համբերության փորձություն։
Ֆիլմը հիմնված է հունգարացի գրող Լասլո Կրասնահորկայի համանուն վեպի վրա եւ պատմում է քայքայվող գյուղական համայնքի մասին, որի բնակիչները հույս են կապում խորհրդավոր Իրիմիաշի վերադարձի հետ՝ հավատալով, որ նա կկարողանա փոխել իրենց ճակատագիրը։
1. Ինչո՞ւ է «Սատանայական տանգոն» 7 ժամ 19 րոպե տեւում
Թվում է, որ ֆիլմի երկարությունը Բելա Տարի գլխավոր սադրանքն է, բայց ռեժիսորը հակառակն էր պնդում։ Նրա խոսքով՝ «Սատանայական տանգոյի» հիմնական ռիսկը երբեք այն չի եղել, թե արդյո՞ք մարդիկ կդիտեն յոթժամանոց ֆիլմ, այլ այն, թե հնարավոր կլինի՞ ստեղծել համապատասխան կինեմատոգրաֆիկ լեզու, դրամատուրգիական կառուցվածք ու ռիթմ։
Տարը հիշում էր, որ ի սկզբանե ֆիլմը մոտ վեց ժամանոց էր նախատեսել, սակայն աշխատանքի ընթացքում «երկարեց»՝ հետեւելով պատմության ներքին տրամաբանությանը։ 
Ֆիլմում ժամանակը պարզապես չի անցնում, այլ դառնում է նյութ, միջավայր եւ նույնիսկ կերպար։ 
2. Ինչո՞ւ է ֆիլմը սկսվում կովերով
«Սատանայական տանգոյի» առաջին տեսարանը կինոյի պատմության ամենահայտնի բացումներից է. շուրջ ութ րոպե տեսախցիկը հետեւում է լքված տնտեսության տարածքով դանդաղ շարժվող կովերին։
Բելա Տարը երբեք չի տվել այդ տեսարանի վերջնական մեկնաբանությունը, սակայն որոշ քննադատներ այն համարում են ամբողջ ֆիլմի բանալին։ Կովերը կարծես նախօրոք պատմում են այն, ինչ հետո տեղի է ունենալու մարդկանց հետ․ գյուղի բնակիչները սպասում են փրկության, հետեւում են խոստումներին եւ հաճախ շարժվում են ոչ թե սեփական կամքով, այլ որպես հոտ։
Միեւնույն ժամանակ, այս տեսարանով Տարը ստիպում է դիտողին զգալ տարածությունը, լռությունը, ցեխը, սպասումը։ Կովերը ոչ միայն «բացում» են պատմությունը, այլեւ ակնարկում են այն աշխարհի կանոնները, որտեղ նրանք պարզապես կենդանիներ չեն, այլ մարդկանց վարքի առաջին հայելին։
3. Ինչո՞ւ է «Սատանայական տանգոն» սեւ ու սպիտակ
Տարի համար գունավոր կինոն չափազանց մոտ է իրականությանը։ Սեւ ու սպիտակը, հակառակը, թույլ է տալիս ստեղծել սեփական աշխարհը, ազատվել պատահական մանրամասներից եւ որոշակի հեռավորություն պահպանել իրականության ու ֆիլմի միջեւ։
Այդ պատճառով «Սատանայական տանգոյի» սեւ ու սպիտակ կադրերը ոչ թե նոստալգիկ կամ գեղագիտական ընտրություն են, այլ ֆիլմի լեզվի կարեւոր մաս։ Դրանք օգնում են կենտրոնանալ ոչ թե գույների, այլ դեմքերի, լույսի, շարժման եւ ժամանակի վրա։ Տարի համար սեւ ու սպիտակը ոչ թե իրականությունից փախչելու, այլ այն ավելի հստակ տեսնելու միջոց է։
4. Ո՞վ է իրականում սատանան «Սատանայական տանգոյում»
Ֆիլմի վերնագիրը հուշում է, որ պետք է փնտրել սատանային։ Առաջին թեկնածուն, իհարկե, Իրիմիաշն է՝ խորհրդավոր կերպարը, որի վերադարձը գյուղի բնակիչների մեջ հույս ու սպասում է արթնացնում։ Նա խոստանում է նոր սկիզբ, ապագա, փրկություն։ 
Իրիմիաշը գուցե խաբեբա է, բայց նրա իշխանությունը ծնվում է ոչ միայն իր խոսքերից, այլ նաեւ այն մարդկանց կարիքից, որոնք պատրաստ են այդ խոսքերին հավատալ։
Այդ պատճառով ֆիլմի ամենահետաքրքիր հարցերից մեկն այն չէ, թե արդյո՞ք Իրիմիաշն է սատանան է, այլ՝ ինչո՞ւ են մարդիկ անընդհատ փնտրում մեկին, ով կգա եւ կփոխի իրենց կյանքը։
5. Արդյո՞ք կարեւոր են խորհրդանիշները
Շատերը Բելա Տարի ֆիլմերում տեսնում են կրոնական, փիլիսոփայական կամ խորհրդանշական շերտեր։ Սակայն Տարը հաճախ պնդել է, որ իրեն հետաքրքրում են մարդկանց կյանքի կոնկրետ հանգամանքները, ոչ թե սիմվոլների համակարգեր կառուցելը
«Հոգեւոր չէ։ Այն ամենն է, ինչ պարզապես տեղի է ունենում», – ասել է Տարը։ Նա ընդգծում էր, որ չի սիրում «սիմվոլ» բառը. «Ամեն ինչ կոնկրետ է եւ տեղի է ունենում հենց հիմա։ Չես կարող նկարահանել որեւէ բան, որն իրականում գոյություն չունի»։
Սակայն այստեղ առաջանում է հետաքրքիր հակասությունը. որքան ավելի համառորեն էր Տարը հրաժարվում խորհրդանիշներից, այնքան ավելի հաճախ էին դրանք գտնում նրա ֆիլմերում։
Աստղիկ Հովհաննեսով

Leave a comment