Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ, ծիրանագործ Ալբերտ Շախվերդյանի խոսքով՝ այս տարվա ծիրանի բերքը նախորդ տարիների համեմատ զգալիորեն պակաս է եղել։ Նրա գնահատմամբ՝ հիմնական պատճառը ծաղկման շրջանում տեղացած անձրևներն են, որոնք խոչընդոտել են ծառերի փոշոտմանը։
Շախվերդյանը նշում է, որ եթե նախանցած տարի նույն այգուց հավաքել են շուրջ 18 տոննա բերք, ապա այս տարի՝ ընդամենը մոտ 2 տոննա։ Նրա խոսքով՝ միայն այն հատվածներում է բերք եղել, որտեղ մոտակայքում փոշոտող ծառեր են աճել։ Չնայած բերքի սակավությանը՝ գյուղացին նշում է, որ իր աճեցրած խոշոր և որակյալ ծիրանը արտահանել է օդային բեռնափոխադրմամբ։ Սակայն գինը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է։
«Անցյալ տարի օդային արտահանման համար ծիրանը վաճառել ենք 3000 դրամով, այս տարի՝ 1000 դրամով»,- նշում է Շախվերդյանը՝ հավելելով, որ գների անկման վրա ազդել են նաև արտահանման և լոգիստիկ խնդիրները։
Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան արտահանման ճանապարհների հետ կապված դժվարությունները անմիջապես անդրադարձել են գյուղացիների եկամուտների վրա։ Եթե նախկինում բեռնատարները գյուղ էին գալիս և բարձր գնով ծիրան գնում, ապա այս տարի առաջարկվող գները զգալիորեն ցածր են եղել։
Ծիրանագործի խոսքով՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայ գյուղացիների համար։ Նա նշում է, որ արդեն եղել են նաև դեպի Եվրոպա արտահանման դեպքեր և չի բացառել, որ եվրոպական շուկան կարող է արդյունավետ այլընտրանք դառնալ։
«Եթե Եվրոպա արտահանվի, կարծում եմ՝ գներն էլ կարող են ավելի լավ լինել։ Մենք սովոր էինք ռուսական շուկային, բայց հնարավոր է՝ նոր ուղղությունները ավելի շահավետ լինեն»,- ասում է Շախվերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան