Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի

Մոսկվան չի ընդունի Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի համար հարցը սկզբունքային բնույթ ունի, և մենք ժամանակ չենք վատնի ժամանակավոր, միջանկյալ լուծումների վրա, առավել ևս՝ չենք ընդունի ինչ-որ մեկի կողմից թելադրված վերջնագրերը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս ըմբռնումներին։ Հենց ամերիկյան կողմն է, ընդհանուր առմամբ, հեղինակել է դրանք, և նախագահ Պուտինը պարզապես համաձայնություն է տվել մեզ ներկայացված առաջարկներին՝ դրանք ուշադիր մշակելուց հետո»,- ասել է Լավրովը։

Այդ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և խորհուրդ է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկիին համաձայնվել գործարքի, որի պայմանները չեն հրապարակվել։

Լավրովը նշել է, թե, իր կարծիքով, Ուկրաինայում հակամարտությունը դեռևս հնարավոր է լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։

«Ես համոզված եմ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս լիովին հնարավոր է կարգավորել քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment