Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106» և «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Մարգարյանը և Հակոբ Ադամյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է խոտի հակ կապող մեքենան, որը նույնպես գտնվել է դեպքի վայրում։

—00—ԼԱ

Leave a comment