Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը, որը վնասվածքներ էր ստացել երեկ ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, բուժզննում է անցել և այժմ սպասում է բժիշկների եզրակացությանը։ Այս մասին նա ասաց Factor TV-ի հետ զրույցում։
«Ասացին՝ երկու օրից պատասխանը կասեն։ Այնտեղ նայել են, նկարել են, ստուգել են կոտրվածքների համար»,- բուժզննության արդյունքների վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց ավագանու անդամը։
Տեր-Եսայանի խոսքով՝ քթին ու գլխին է հարվածներ ստացել, միջադեպից հետո շարունակում է գլխացավ և սրտխառնոց ունենալ, իսկ աչքի տակ այտուց ու կապտուկներ կան։
Հարցին, թե ովքեր էին իրեն հարվածել, ավագանու անդամը պատասխանեց, որ հիմնականում քաղաքացիական հագուստով հասարակական կարգի պահպանության աշխատակիցներ։
«Իրենց գործառույթը զուտ մեկուսացնելն էր, ոչ թե մեզ ծեծելը։ Իմ ընկեր Գրիգոր Իսկանդարյանին օղակի մեջ մտցրին, սկսեցին ծեծել։ Երբ ես մոտեցա, որպեսզի իրեն հանեմ այդտեղից, արդեն սկսեցին ինձ հարվածել»,- ասաց Տեր-Եսայանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը նաև հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին, երբ նրանք այցելել են հիվանդանոց։
«Գրել եմ, որ մոտ 40 հոգու կողմից խմբակային ծեծի եմ ենթարկվել, ինչը շատ լավ երևում է տեսանյութերում։ Կարող են նույնականացնել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, ինչն ավարտվել էր ծեծկռտուքով։ Այդ պահին նիստը վարում էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Դահլիճ էին հրավիրվել անվտանգության աշխատակիցներ, իսկ նիստն ընդմիջվել էր 30 րոպեով։ Սակայն դահլիճից դուրս՝ միջանցքում, կրքերը չէին հանդարտվել։
Ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։
Արփի Հակոբյան