Ջուլիան Բարնսը եւ Իեն Մըքյուենը լայնորեն ճանաչված են որպես իրենց սերնդի լավագույն բրիտանացի գրողներ։ Սալման Ռուշդիի եւ Կազուո Իշիգուրոյի հետ միասին՝ նրանք գրել են վերջին երեք տասնամյակների ամենահիշարժան վեպերը։
2026 թվականի հունվարին Intelligence Squared կազմակերպության նախաձեռնությամբ Բարնսը եւ Մըքյուենը հանդիպել էին՝ խոսելու Բարնսի «Մեկնում(ներ)» գրքի մասին, որը, հեղինակի խոսքով, իր վերջին վեպն է լինելու։
Այն պատմում է Սթիվենի եւ Ջինի միասին, որոնք սիրահարվում են երիտասարդ ժամանակ եւ կրկին սիրահարվում՝ արդեն մեծ տարիքում։ Oգտագործելով գրքի թեմաները՝ գրողները քննարկել են փիլիսոփայություն, արվեստ, հիշողության անկայունություն, ժամանակի ընթացք, մահկանացություն եւ վիշտ։
Այդ ամենը, իհարկե, հումորով համեմված։
Իեն Մըքյուեն – Դե, Ջո՛ւլիան, վերջապես մենակ մնացինք ։
Ջուլիան Բարնս – Առաջին անգամն է, որ միասին բեմում ելույթ ենք ունենում։ Հիսուն տարի ճանաչում ենք իրար։ Հիսուն երկար տարիներ, ու իրար ոչ մի կծու խոսք չենք ասել։
Ի.Մ. – Դրա համար երբեք ուշ չէ։ Հիշում եմ, երբ ասացիր, որ Բուքերյան մրցանակը էլիտար լոտո է։ Հետո մտքափոխ եղար, չեմ հիշում, թե ինչու։
Ջ.Բ. – Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Հիշողությունս տեղն է. իրականում ասել եմ, որ եթե գրողները ուզում են խելքը չկորցնել, պետք է Բուքերյան մրցանակին վերաբերվեն որպես էլիտար լոտոյի։ Գիտեմ, պատմությունը խմբագրեց խոսքերս։ Բայց ես դեմ չեմ, որովհետեւ դրանք հնչում է մի տեսակ՝ «Պա՜հ, Բուքերյան մրցանակ, պա՜հ»։ Բայց հիշում եմ նաեւ, որ այդ ժամանակ դու ինձ ասացիր՝ սա նշանակում է, որ քեզ այլեւս ներկայացնելու են որպես Ջուլիան Բարնս՝ Բուքերյան մրցանակի դափնեկիր։ Այդ պահին դու արդեն մոտ 15 տարի «Բուքերյան մրցանակակիր Իեն Մըքյուեն»-ն էիր։
Ի.Մ. – Ճիշտ ես։ Երբ ավտոբուսը վրաերթի ենթարկի, կգրեն՝ «Բուքերյան մրցանակի դափնեկրին քերեցին ասֆալտից»։
Այսօր քեզ հետ զրուցելուց առաջ վերընթերցեցի «Մեկնում(ներ)»-ը։ Քեզ արդեն գրել եմ, թե որքան հիացած եմ դրա կառուցվածքով։ Կառուցվածքը գրեթե անտեսանելի տարր է, երբ վեպն առաջին անգամ ես ընթերցում։ Բայց ես շատ ուժգին զգացի այն։
Կարդում եք վեպի հրաշալի եւ բավականին զարմանալի սկիզբը հիշողության, նախ եւ առաջ՝ դրա անվստահելիության մասին։ Նույն հատվածում դու հայտարարում ես, որ սա քո վերջին գիրքն է։ Այդ պահին ես մտածեցի՝ չեմ հավատում դրան, որովհետեւ սա Ջուլիան Բարնսը չէ։ Սա «Ջուլիան Բարնսն» է՝ պատմողը։ Ու կառուցվածքային առումով ես վեպն արդեն սկսեցի կարդալ հեգնանքի շղարշի միջով։
Հետո սկսվում է պատմությունդ, որը միջին մաս չունի. ունի սկիզբ եւ ավարտ։ Դու հիշում ես Օքսֆորդի Մագդալեն քոլեջում անցկացրած տարիները։ Եվ քո երկու ընկերներին, որոնք բավականին կարեւոր դեր են խաղացել Սթիվենին եւ Ջինին միավորելու գործում, եւ քո դերը։ Հետո բավականին հուզիչ մտորումներ են հիվանդության ու մահվան մասին։
Այնուհետեւ հանճարեղ եւ համոզիչ կերպով խոսում ես վշտի ռադիոակտիվ կամ ճառագայթային ազդեցության մասին, իսկ վշտի մասին դու, ցավոք, բավականին լավ գիտես։ Հետո հասնում ենք վեպի թերեւս ամենանշանակալի մասին. ցատկում ենք 40 տարի առաջ։ Սթիվենն ու Ջինը, որոնք բաժանվել էին համալսարանն ավարտելուց հետո, ցանկանում են կրկին միասին լինել։ Եվ Ջուլիան Բարնսը, կամ «Ջուլիան Բարնսը» կարեւոր դեր է խաղում՝ այս ամենը կազմակերպելով այդ նույն վայրում՝ Օքսֆորդի ծածկած շուկայում, նույն սրճարանում։
Հետո հերթը հասնում է, իմ կարծիքով, ժամանակակից հետմոդեռն՝ հետ-հետ-մոդեռն գեղարվեստական մոգականության նմուշին։ Մենք Ջուլիանից կամ «Ջուլիանից» իմանում ենք, որ նրանք վերականգնում են իրենց հարաբերությունները։ Սթիվենն ու Ջինը առանձին-առանձին գալիս են քո տուն՝ միմյանց հետ իրենց խնդիրները քննարկելու համար։ Եվ դու փորձում ես պահպանել չեզոք, ընկերական տոնը եւ խորհուրդ տալ նրանց։ Եվ ես մտածեցի, սա Ջուլիանն է, սա հիանալի հայացք է քո աշխատանքին, քանի որ այնպիսի զգացողություն է, որ ինչ-որ մեկը ուսումնասիրում է իրական աշխարհը եւ խոսում դրա մասին որպես հեղինակ, իսկ կերպարները հաճախ միախառնվում են, երբեմն միմյանց ոտքերի տակ ընկնում։ Այստեղ, կարծես, դու անցել ես հայելու միջով, հավաքել ես քո երկու կերպարներին, նրանք եկել են քեզ տեսնելու ու խորհուրդ հարցնելու։ Դու, կարծես, անցնում ես հայելու միջով դեպի քո գեղարվեստական ստեղծագործությունը, իսկ նրանք հայելուց դուրս են գալիս դեպի քո աշխարհը։
Պետք է գովեմ քեզ, Ջո՛ւլիան։ Սա ամենախելացի բանն էր, որ կարդացել եմ շատ երկար ժամանակ։
Հինգերորդ մասում հրաշալի մտորումներ են մահվան, ժամանակի մասին, եւ մենք լիովին համոզված, որ խոսողը դու ես։ Այս Ջուլիան Բարնսը չակերտների մեջ չէ, դու հեգնական հեռավորություն չես պահում, սա իրոք դու ես։ Եվ այդ պահին հասկանում ենք, որ Սթիվենն ու Ջինը քո անցյալից կերպարներ չեն, նրանք լիովին երեւակայական են։
Ուզում եմ հարցնել քեզ վերընթերցման մասին։ Ինձ թվում է, որ դու հիանալի վերընթերցող ես, այդ պատճառով ուզում եմ կրկին խոսել կառուցվածքի մասին։ Գիրք վերընթերցելու հաճույքը, հատկապես եթե այն շատ վաղուց չես կարդացել, այն է, որ ակնհայտ է դառնում դրա ճարտարապետությունը։ Գրողները շատ ժամանակ են ծախսում այդ ճարտարապետության վրա, եւ այն մնում է աննկատ, բայց վերընթերցման ժամանակ մենք, կարծես, այն առաջին անգամ ենք տեսնում։
Ջ.Բ. – Կարծում եմ՝ ճիշտ ես։ Մենք սկսում ենք գրքեր կարդալ կերպարների ու սյուժեի համար եւ մի տեսակ վստահ ենք մեզ զգում։ Ինձ թվում է՝ վեպի առաջին մի քանի էջերի նպատակն է ընթերցողին վստահեցնել, որ դու գիտես, թե ինչ ես անում, եւ որ եթե կան բաներ, որոնք անհասկանալի են, դրանք ապագայում կբացատրվեն։ Սա ասես երկու կողմերին վստահություն է ընձեռում։
Երբ դպրոցում էի, մեզ պատմում էին վեպի մասին. թեմա, կառուցվածք, ոճ, մեկը, մյուսը։ Ես ենթադրում էի, որ վիպասանը մեկ առ մեկ անցնում է այդ ցուցակով։ Որ նա սկզբից եւեթ գիտի՝ ինչպիսին է վեպի ընդհանուր ձեւը։
Իմ փորձից ելնելով՝ դա այդպես չէ. ձեւը հաճախ գալիս է գրելու ժամանակ։ Ու մի բան էլ. երբ ավարտում եմ վեպը, մոռանում եմ բոլոր «կեղծ արահետները»՝ բոլոր այն ուղիները, որոնցով այն կարող էր ընթանալ։ Եվ հետո վստահեցնում եմ ինքս ինձ, որ հասել եմ վերջնական փուլին։ Իմաստ չունի մտածել՝ արդյոք այս կամ այն բանը տեղի է ունեցել կամ չի ունեցել։
Ի.Մ. – Ահա թե ինչու հարցազրույցների ժամանակ երբեմն թվում է, թե ստում ես, որովհետեւ խոսում ես գրքիդ մասին այնպես, կարծես այն միշտ էլ այդպես էր նախատեսված։
Ջ.Բ. – Այո՛։ Մի քիչ անհեթեթ կլինի ասել, որ դա պարզապես բախտի բան էր։ Պարզապես այսպես ստացվեց։ Բախտի հետ դա, իհարկե, կապ չունի։
Ի.Մ. – Չունի։ Պարզապես շատ երկար ժամանակ նստած մտածում ես։
Կառուցվածքի հետ կապված, թույլ տուր քեզ մի բան կարդալ, որն ինձ կատարյալ է թվում։ «Ծերունին կանգնած էր պատուհանին այնքան մոտ, որքան թույլ կտար զինվորը»։ Սա քո «Մացառախոզը» վեպի առաջին տողն է։
Ջ.Բ. – Իրո՞ք։
Ի.Մ. – Այո, եւ այն ահավոր լավն է։
Ջ.Բ. – Ընդհանրապես չճանաչեցի։
Ի.Մ. – Ո՞վ է այս ծերունին։ Պետության նախկին ղեկավար, նրան շուտով դատելու են։ Զինվորը չի ուզում, որ նա ինքնասպան լինի՝ պատուհանից ցատկելով, փախչելով կամ այլ կերպ։ Այս նախադասությունն այնքան չոր ու ցամաք է, որ ես մտածեցի՝ արի՛ խոսենք քո գրքերի եւ այլ գրքերի առաջին տողերի մասին։
Ահա եւս մեկը։ «Նա կանգնած էր մեր առջեւ առանց նշումների, գրքերի կամ նյարդերի։ Ամբիոնը զբաղեցրել էր նրա պայուսակը։ Նա նայեց իր շուրջը, ժպտաց, անշարժացավ ու սկսեց»։
Ջ.Բ. – Այդ մեկը կռահեցի. «Էլիզաբեթ Ֆինչ»։
Ի.Մ. – Ապրե՛ս, այո՛։ Քո վերջին վեպը։
Առաջին տողերի առումով իմ զգացողությունն այն է, որ մտնում ես ինչ-որ մարդաշատ սենյակ, բոլորը հանկարծ լռում են, եւ դու ստիպված ես խոսել։ Այլ կերպ ասած՝ քո վերջին գիրքը երկու, երեք, չորս տարի առաջ էր լույս տեսել, մեկը մտնում է գրախանութ, հարցնում է՝ տեսնես՝ ինչո՞վ է զբաղված Բարնսը, եւ ահա Բարնսը կրկին խոսում է ինձ հետ, եւ լավ կլիներ, որ արժանի բան գրած լինի։
Ես ուզում էի, որ խոսես առաջին տողերի մասին։ Արդյո՞ք դրանք դժվար են։ Ինքնաբո՞ւխ են ի հայտ գալիս տեքստից նյութից, դրանց հետ որեւէ խնդիր չկա՞։ Գրելիս ծամո՞ւմ ես մատիտի ծայրը։
Ջ.Բ. – Ես երբեք չեմ ենթադրում, որ վեպ սկսելիս իմ գրած առաջին տողը լինելու է վեպի առաջին տողը։ Ես սկսում եմ տարբեր տեղերից։ Երբեմն սկսում եմ տեսարանով, որն ամփոփում է վեպի ապագա հիմնական կոնֆլիկտը, հետո ստիպված եմ լինում 300 էջ հետ գնալ, որ հասնեմ վեպի սկզբին։
Երբեմն սկիզբը՝ ոչ միայն առաջին տողը, այլեւ առաջին գործողությունը, սկսում է ի հայտ գալ եւ ասում է՝ «առա՛ջ տար ինձ, առա՛ջ տար»։
Տանում ես սկիզբ եւ ասում՝ «Իհարկե, ակնհայտ է, որ սա էր սկիզբը»։ Հոսուն գործընթաց է, չէ՞։ Վերահսկողության եւ ազատության խառնուրդ։ Երբեմն
մտածում ես՝ կարող եմ այս մասում աչքակապություն անել։ Հինգ անգամ կարդացել եմ, ինձ թվում է՝ վատ չի։ Ուրիշ ոչ ոք հինգ անգամ չի կարդալու։ Այսպես էլ կմարսվի։
Ի.Մ. – Մարսվո՞ւմ է։
Ջ.Բ. – Ոչ ոք հինգ անգամ չի կարդում։
Ի.Մ. – Ամենահայտնի առաջին տողերը, ինձ թվում է, հաճախ բացարձակ ստեր են։ Կարծում եմ՝ կհամաձայնվես, որ «երջանիկ ընտանիքները բոլորն իրար նման» չեն։ Դու այս վեպում գրում ես, որ իրականում կան երջանիկ լինելու բազմաթիվ եղանակներ, մինչդեռ դժբախտությունն իրոք հզոր նմանություն ունի դժբախտության բոլոր ձեւերի հետ։
Ջ.Բ. – Տոլստոյը շատ բաներում էր սխալվում։ Իմ սիրելի առաջին տողերից մեկն է՝ «Մայրս մահացավ այսօր: Կամ գուցե երեկ»։ «Օտարը»։ Շշմեցուցիչ է։
Ի.Մ. – Եվ «Սա ամենատխուր պատմությունն է…»։
Ջ.Բ. – «Սա ամենատխուր պատմությունն է, որ երբեւէ լսել եմ»։ Այո՛, դա էլ է լավ։
Ի.Մ. – Ինչպե՞ս կարող ես դադարել կարդալ… «Քաջարի զինվորը»։
Ջ.Բ. – Եվ դա էլ է այն առաջին տողերից, որոնք այնքան էլ ճշմարտացի չեն։ Նա չի լսել այս պատմությունը։ Նա ասում է. «Ես քեզ կպատմեմ մի պատմություն, որը լսել եմ», բայց դա մի պատմություն է, որի մեջ ինքը՝ այս խոսացողը, մինչեւ ականջները խրված է։ Նա այն չի լսել։ Նա այն ներկայացնում է այնպես, ասես այն իրենից ավելի հեռու է, քան իրականում։
Ի.Մ. – Այստեղ ուզում եմ խոսենք մի թեմայից, որը կոչվում է «Կյանքն ընդդեմ գրքերի»։ Ես սիրում եմ քեզ մեջբերել, Ջո՛ւլիան, որովհետեւ այդ պահին դու մի տեսակ խոժոռվում ես։ Չես կարողանում հիշել՝ դու ես գրել, թե ոչ։
«Կյանքն ու ընթերցանությունը առանձին գործողություններ չեն։ Երբ հիանալի գիրք ես կարդում, կյանքից չես փախչում, այլ ավելի խորն ես ընկղմվում դրա մեջ։ Ըստ էության, ավելի խորն ես հասկանում կյանքի նրբությունները, պարադոքսները, ուրախությունները, վշտերն ու ճշմարտությունները»։
Դու արձագանքում ես այն հայտնի խոսքերին, որ՝ «Կյանքը կյանք է, բայց ես նախընտրում եմ գրքերը»։ Ես հարցնում եմ, քանի որ քո ստեղծագործությունները ներծծված են քո ընթերցանությամբ, եւ ինձ թվում է, որ այս մեջբերումը մի տեսակ բացատրում է, որ մարդու ընթերցանությունը դառնում է նրա կենսափորձը եւ ձեւավորում է նրա ստեղծագործությունը։ Խոսքս կրթված լինելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ ընթերցանությունը վերափոխում միտքը, ուղեղը։
Ջ.Բ. – Այո, բայց ես դիմադրում եմ այն մտքին հետ, որ ստեղծագործությունը պետք է ներծծված լինի ընթերցանությամբ. այն պետք է նաեւ ներծծված լինի կյանքի փորձով, կյանքի գիտելիքով։
Ի.Մ. – Բայց դու ասում ես, որ երկուսը նույնական են։ Դրանք առանձին գործունեություններ չեն։
Ջ.Բ. – Այո, դրանք միանգամայն փոխկապակցված են։
Ի.Մ. – Մի գիրք կա, որն ուզում էի քեզ նվիրել՝ «Մտորումներ սովորականի մասին», որի հեղինակն է ամերիկացի մեծ փիլիսոփա Թոմաս Նագելը։ Դու գիտես նրա մասին։ 1970 թվականին նա գրել էր. «Եթե մահը մեր գոյության միանշանակ եւ մշտական ավարտն է, ապա հարց է առաջանում, թե արդյոք մեռնելը վատ բան է»։
Ջ.Բ. – Ես կասեի՝ այո՛, ընդհանուր առմամբ այո։ Մեռնելը շատ վատ բան է եւ շուտով կլինի։
Հետաքրքիր է, որ դու հիշատակեցիր Նագելի անունը, քանի որ իմ առաջին վեպում՝ «Մետրոլենդ»-ում, որտեղ, զարմանալի չէ, գրել եմ նաեւ մահվան մասին, ես մի տեղ ասում եմ, որ դեմ չեմ մահանալուն, եթե դրա վերջում մեռած չլինեմ։ Ինչն ամփոփում է իմ վերաբերմունքը մահվան նկատմամբ։ Հետո՝ մոտ 20-30 տարի անց, ինչ-որ մեկն առաջարկեց ինձ կարդալ Նագել, երբ գրում էի «Վախենալու ոչինչ չկա» վեպը, որը վերաբերում է ընտանիքին եւ մահվանը։ Նա ասել էր ճիշտ նույն բանը՝ ինձանից մոտ վեց ամիս առաջ, այդ սրիկան։ Դե, պետք է պարզապես ասես, որ մեծերը միանման են մտածում, չէ՞։
Ի.Մ. – Մեծերն իրոք միանման են մտածում։ Վերադառնամ քո հայտարարությանը, որ սա քո վերջին գիրքն է լինելու։ Արդյո՞ք դրանով մի փոքր հեշտացնում ես կյանքիդ մնացած մասը, ինչ-որ ամբողջական բան դարձնում։ Եվ ինչո՞ւ հայտարարել դրա մասին, այլ ոչ թե պարզապես անհետանալ։ Ինչո՞ւ պարզապես չիջեցնել վարագույրը։
Ջ.Բ. – Թերեւս ինձ դուր է գալիս անսպասելի սյուժետային շրջադարձի գաղափարը։ Ես առաջին անգամ մտածեցի վերջին վեպի մասին մոտ հինգ տարի առաջ։ Եվ հիշեցի իմ լավ ընկերոջը՝ Բրայան Մուրին, կանադա-իռլանդացի գրողին, որին դու, հավանաբար, ճանաչում ես։ Նա ասաց՝ «Չեմ ուզում մահանալ գիրք գրելու կեսին, որովհետեւ այդ դեպքում մի սրիկա կգա եւ կավարտի այն իմ փոխարեն»։
Ի.Մ. – Ինչպես պատահեց Նաբոկովի հետ։
Ջ.Բ. – Այնպես ստացվեց, որ նա մահացավ գրքի կեսին կամ սկզբում, բայց նրա այրին այն չավարտեց։ Երեւի այրեց վեպը։ Ու ես մտածեցի, որ սա էլ ավարտելու մի ձեւ է։
Կամ կարող էի գրել մի գիրք, որն իմ վերջին վեպն էր լինելու, չհրատարակել այն, պահել։ Երբ գրեմ եւս երկու-երեք գիրք, ու կյանքիս թելը կտրվի, օրինակ, երրորդ գլխում, դա կարեւոր չլինի, քանի որ իմ վերջին գիրքն արդեն կա։
Այսպիսով սկսեցի վեպը, եւ գրելիս հասկացա, որ գուցե ճիշտ կլինի այն հիմա հրատարակել։ Ես միշտ ունեցել եմ գաղափարների եւ մտքերի նոթատետրեր, ինչպես եւ դու, որտեղ գրվածը կարող է վերածվել վեպի կամ մեկ այլ բանի։ Վերանայեցի բոլորը, ջնջվածները կամ արդեն իրականացվածները։ Բոլորը գաղափարներ էին գրքերի համար, որոնք կարող էի գրել հինգ տարի, տասը տարի առաջ, բայց ոչ գաղափարներ, որոնք ինձ չնչին անգամ հետաքրքիր կամ մոտ են հիմա։ Եվ ես մտածեցի, որ գուցե արդեն նվագել եմ իմ բոլոր մեղեդիները։ Գուցե սա վերջին կադենցիան է։
Ի.Մ. – Ես մի տեսություն ունեմ դրա մասին։ Վեպեր գրելը կարիերա չէ, դա կենսակերպ է։ Նույնիսկ եթե դու ոչ մի վեպ այլեւս չհրատարակես կամ եւս մի գիրք չգրես, չես դադարի վիպասան լինելուց։ Որովհետեւ կշարունակես նկատել։
Ջ.Բ. – Այո, կնկատես որպես մարդ, ոչ որպես մեկը, ով նկատածը վերածում է վեպի։
Ի.Մ. – Financial Times-ը գրում է, որ հայտարարելով, որ սա վերջին գիրքն է, գրողներն ավելի լավ գրախոսականներ են ստանում։ Ու քեզ մոտ ստացվե՛ց։
Ջ.Բ. – Ինչո՞ւ ես կարծում, որ իմ միտքն այդպես է աշխատում։ Ես շատ ավելի անմիջական մարդ եմ։
Հարց լսարանից
– Ձեր վեպերից ո՞րն էր ձեր կարծիքով արժանի Բուքերյան մրցանակի։
Ջ.Բ. – Ես գիտեմ, թե Իենի որ վեպը չպետք է ստանար այն, քանի որ այդ նույն տարում ես պարտվեցի։ Մենք տարվա սկզբին զբոսնում էինք Չիլթերնսում, եւ ես ասացի՝ «Սեպտեմբերին վեպ եմ հրատարակելու», իսկ նա ասաց՝ «Ա՜, ես էլ եմ նույնն անում»։ Մտածեցի՝ ներվերիս հետ է խաղում, ու հարցրի՝ «Իսկապե՞ս»։ Ասաց՝ «Այո, կոչվում է «Սփոյլեր»։ Եվ, ա՜խ, ինչ հոյակապ սփոյլեր ստացվեց։
Ի.Մ. – Այն լույս տեսավ որպես «Ամստերդամ»։
Ակնհայտ է, որ ես պետք է Բուքեր ստանայի իմ մի քանի գրքերի համար (ծիծաղում է)։ Բայց չես կարող ամեն տարի հաղթել։ Կարծում եմ՝ դա է կանոններից մեկը։ Պետք է ապրել կանոններով, ինչպես ասում է Դոնալդ Թրամփը (ծիծաղ)։
Ջ. Բ. – Կարծում ես՝ պետք է այն ստանայիր ա՞յլ վեպի համար։ Սա է հարցը։
Ի.Մ. – Այո՛, պետք է ստանայի «Քավության» համար։
Ջ. Բ. – Ճիշտ ես, ես էլ պետք է ստանայի «Ֆլոբերի թութակի» համար։
Ի.Մ. – Ես էլ եմ այդպես կարծում։
Հարց լսարանից
– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ վիպասաններին, երբ աշխարհում մարդիկ ավելի քիչ գրքեր են կարդում, քան երբեւէ։
Ջ.Բ. – Կարդացեք ավելի շա՛տ։ Երբ մի երիտասարդ ինձ ասում է՝ «Ուզում եմ գրող դառնալ, ի՞նչ անեմ», ես ասում եմ՝ կարդա՛, կարդա՛, կարդա՛։
Ի.Մ. – Այո՛, իսկ գրելու մասին ի՞նչ կասես։
Ջ.Բ. – Դե… Եթե ուզում ես գրող դառնալ, գրի՛ր։ Բայց արդեն մտնում ես բաց ասպարեզ։
Ցանկանում մի քիչ կարդալ իմ վեպից։ Սա գրքի վերջին էջն է, որտեղ Ջուլիան Բարնս անունով կերպարը հրաժեշտ է տալիս իր ընթերցողներին։
«Ես կկարոտեմ քեզ ինչ էլ որ դա նշանակում է։ Մահը թուլացնում եւ աղավաղում է այս նախադասության յուրաքանչյուր բառը։ Այն կլինի, դառնում է կամ կդառնա անիմաստ։ Եվ հիմա՝ վերջում, ես չեմ անելու որեւէ մեծ հայտարարություն, ես չունեմ հայտնի վերջին բառեր։ Թեեւ վերջերս լավ օրինակ կարդացի. առաջին լորդ Գրիմթորփի անհետաձգելի մահամերձ ուղերձը կնոջը՝ «Մեզ մոտ շատ քիչ մուրաբա է մնացել»։
Փոխարենը թույլ տուր շնորհակալություն հայտնել քո անսասան ներկայության համար, որն անտեսանելի է, բայց դարանակալած՝ ինչպես իմ քաղցկեղը։ Երբ հարցնում են, թե ինչպես եմ տեսնում մեր հարաբերությունները, ես պատասխանում եմ, որ խրատաբան գրող չեմ։ Ես քեզ չեմ ասում՝ ինչ մտածել կամ ինչպես ապրել։ Իմ գրածն անառարկելի չէ։ Վիպասանները չպետք է վերեւից նայեն ընթերցողներին՝ ենթադրելով, որ ավելի իմաստուն են։ Փոխարենը ես նախընտրում եմ պատկերացնել գրողին եւ ընթերցողին բացօթյա սրճարանում՝ որեւէ անհայտ քաղաքում, որեւէ անհայտ երկրում։ Տաք եղանակ է, մեր առջեւ՝ զովացուցիչ ըմպելիք։
Կողք կողքի նստած՝ մենք նայում ենք մեր աչքի առաջ անցնող կյանքի բազմաթիվ ու բազմազան դրսեւորումներին։ Դիտում ենք ու մտորում։ Ժամանակ առ ժամանակ ես ասում եմ, օրինակ, «Ի՞նչ կարծիքի ես այս զույգի մասին։ Ամուսնացած են, թե՞ սիրեկաններ են։ Տե՛ս նորաձեւության այդ զոհերին, այնքան գոհ են իրենցից, որ նույնիսկ հուզիչ է։ Ու՞ր է այդքան շտապում այն քահանան։ Ի՞նչ է նշանակում այդ համբույրը։ Տարեց զույգ՝ ձեռք ձեռքի տված. դրանից միշտ սիրտս ճմլվում է։ Ի՞նչ ես մտածում՝ թափառաշրջի՞կ է, թե՞ նկարիչ։ Սա վե՞ճ է, թե՞ պարզապես սիրահարների կատակային խոսքակռիվ։ Մի տեսակ չեխովյան է։ Նայի՛ր այն «ջեք ռասել» շանը։ Այդ մեկը լավ նշան է։ Անձրեւ չի գալու, չէ՞։ Կարծում ես՝ Աստված կա՞։ Գիտես, որ ես չեմ հավատում։ Ինչո՞ւ են մարդիկ հանկարծ մեզ նայում»։
Սովորական խոսակցության մռթմռթոցներ, որոնցից գուցե մեկը մետաստազներով կտարածվի ու կդառնա պատմություն… կամ չի դառնա։ Աչքիս ծայրով տեսնում եմ, որ դու էլ ես ինձ պես նկատող, բայց հազվադեպ եմ լսում քո պատասխանները։ Երեւի իմ խուլ ականջի կողմն ես նստած։ Ինչեւէ, հուսով եմ, որ այս տարիների ընթացքում վայելել ես մեր հարաբերությունները։ Ես հաստատ վայելել եմ։ Քո ներկայությունը ինձ մեծ հաճույք է պատճառել։ Իրականում առանց քեզ ես ոչինչ չէի լինի։ Այնպես որ ձեռքս մի պահ կդնեմ քո թեւին։ Ո՛չ, չդադարես նայել եւ հետո կամացուկ չանհետանաս։ Ո՛չ, չդադարես նայել»։
Ի.Մ. – Ջո՛ւլիան, մի՛ շտապիր անհետանալ եւ իմացիր, որ մենք այնտեղ կլինենք կա՛մ քեզանից առաջ, կա՛մ անմիջապես քեզանից հետո։
Պատրաստել է Մարիա Սադոյանը